Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլերն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Օգոստոսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի հետ:
Ողջունելով բարձրաստիճան հյուրին՝ Նորին Սրբությունն ընդգծեց, որ Գերմանիայի կանցլերի այցը Հայաստան նոր խթան կհանդիսանա երկու երկրների գործակցային հարաբերությունների զարգացման և արդյունավորման համար:
Վեհափառ Հայրապետն անդրադարձավ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին և քաղաքական կյանքում տեղ գտած փոփոխություններին` նշելով, որ իբրև Քրիստոսին հավատացող ժողովուրդ մեր ժողովուրդն հույսով ու լավատեսությամբ ջանքեր է ներդնում կերտելու իր խաղաղ, ապահով և բարօր կյանքը, պատրաստակամ` հաղթահարելու բոլոր դժվարությունները: Հայոց Հայրապետը հաստատեց, որ Հայոց Եկեղեցին ևս, պիտի շարունակի ըստ ամենայնի ջանքեր գործադրել այս ուղղությամբ` դրանում զորակից լինելով նաև ՀՀ իշխանություններին:
Գարեգին Բ Կաթողիկոսն իր երախտագիտությունը հայտնեց Գերմանիայի ժողովրդին Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման համար՝ հաստատելով, որ միմիայն այդ ճանապարհով է հնարավոր բացառել աշխարհում այդօրինակ նոր ոճիրները:
Տիկին Անգելա Մերկելն իր հերթին ուրախություն արտահայտեց Մայր Աթոռ` հայ ժողովրդի հոգևոր կենտրոն այցի հնարավորության համար` լինելով Սուրբ Էջմիածին և Հայաստան այցելող Գերմանիայի առաջին կանցլերը։
Կանցլեր Անգելա Մերկելը Նորին Սրբությանը ներկայացրեց այցից և հանդիպումներից ստացած իր տպավորությունները: Նա գոհունակությամբ փաստեց, որ իր այցը համընկավ Հայաստանում տեղ գտած փոփոխություններին` հաստատելով, որ Գերմանիան ցանկանում է այդ ճանապարհին բարեկամ ու գործընկեր լինել և վերահաստատում է պատրաստակամությունը ընդլայնելու գործակցությունը տարբեր ոլորտներում:
Զրույցի ընթացքում քննարկված մի շարք թեմաների մեջ առանձնացվեց Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Գերմանիայի Կաթոլիկ և Ավետարանական Եկեղեցիների հետ գործակցությունը: Վեհափառ Հայրապետն ի դեմս կանցլեր Անգելա Մերկելի նաև իր շնորհակալությունը հայտնեց Գերմանիայի իշխանություններին հայկական համայնքի հանդեպ դրսևորվող հոգատար վերաբերմունքի համար:
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին նաև ղարաբաղյան հակամարտության ներկա վիճակի առնչությամբ: Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունն արտահայտեց Ադրբեջանի ղեկավարության կողմից չդադարող ռազմատենչ հայտարարությունների կապակցությամբ, ինչը մեծապես վտանգում է հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարները: Ամենայն Հայոց Կաթողիկոսն անթույլատրելի նկատեց Ադրբեջանի կողմից հայության հանդեպ ատելության և թշնամանքի հրահրումը։ Վեհափառ Հայրապետը Գերմանիայի կանցլերին նվիրեց ներկայիս Ադրբեջանի տարածքում հայկական պատմամշակութային և հոգևոր արժեքների հետևողական ոչնչացման մասին պատմող մի գիրք։
Տեղեկացնելով ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ի նպաստ կազմակերպվող երկու երկրների հոգևոր առաջնորդների հանդիպումների արդյունքների մասին` Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի և միջազգային հանրության ջանքերով ղարաբաղյան հիմնախնդիրը կգտնի իր խաղաղ կարգավորումը:
Հանդիպմանը նաև մտահոգություն արտահայտվեց Թուրքիայում քրիստոնեական փոքրամասնությունների իրավունքների սահմանափակման վերաբերյալ:
Գերմանիայի կանցլերը, կիսելով ներկայացված մտահոգությունները, հաստատեց, որ Գերմանիայի կողմից ևս ջանքեր կգործադրվեն նպաստելու համար արծարծված խնդիրների հանգուցալուծմանը: Տիկին Անգելա Մերկելը հանդիպման ընթացքում նաև իր շնորհակալությունը հայտնեց Սիրիայից փախստականներ ընդունելու և նրանց աջակցելու համար:
Զրույցին ներկա էին ՀՀ Արտաքին գործերի նախախար Զոհրաբ Մնացականյանը, Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Սերովբե վարդապետ Իսախանյանը և երկու երկրների դեսպանները: