Գերագույն Հոգեւոր Խորհրդի հերթական նիստը` Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում
Սեպտեմբերի 25-ին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցավ Գերագույն Հոգեւոր Խորհրդի հերթական նիստը:
Մինչ նիստի աշխատանքներին անցնելը ժողովականներն աղոթեցին Վիրահայոց թեմի առաջնորդ նորոգ հանգուցյալ Տ. Գեւորգ արք. Սերայդարյանի հոգու հանգստության համար:
Նիստի ընթացքում քննարկվեցին մի շարք կազմակերպչական հարցեր:
Օրակարգի կարեւորագույն հարցերից էր Սբ. Էջմիածնի Մայր Տաճարի օծման 1700-ամյակի տոնակատարության կազմակերպման հարցը: Հոբելյանական այս տարեդարձը լրանում է 2003 թվականին եւ նկատվում է իբրեւ հոգեւոր վերելքի մի նոր առիթ: Նշանակալի տոնին պատշաճ կերպով նախապատրաստվելու համար ստեղծված է հանձնախումբ, որի ատենապետ նշանակվեց Տ. Խաժակ արք. Պարսամյանը:
Անդրադառնալով Երուսաղեմի հայոց պատրիարքության Պարոն Տեր կալվածքի խնդրին` ԳՀԽ-ը բարձր գնահատեց վերջինիս արդարացի լուծման համար Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի եւ թեմերի գործադրած ջանքերը: Ներկայումս Իսրայելի կառավարության եւ պատրիարքության միջեւ տարվող բանակցությունները գտել են իրենց լուծումը, եւ պատրաստվում է համապատասխան համաձայնագիր:
ԳՀԽ նիստի օրակարգում ընդգրկված էին նաեւ հարցեր Հայ եկեղեցու կանոնադրության ընդունման, Եպիսկոպոսաց ժողովի հրավիրման եւ եկեղեցական այլ խնդիրների վերաբերյալ:
Անդրադառնալով հայրենիքի զորացման եւ վերաշինության գործին Հայ Առաքելական եկեղեցու մասնակցությանը` ԳՀԽ-ը առանձնակի կարեւորությամբ ընդգծեց Մայր Եկեղեցու եւ թեմական կառույցների զորակցության անհրաժեշտությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամի աշխատանքներին: Միաժամանակ ԳՀԽ-ը գոհունակություն հայտնեց Հայ Առաքելական եկեղեցու եւ ՀՀ կառավարության միջեւ վերջերս կնքված համաձայնագրի առնչությամբ, ըստ որի հանրակրթական դպրոցներում որպես ծրագրային առարկա ընդգրկված է Հայ Առաքելական եկեղեցու պատմությունը:
Տեղեկացվեց Անտիոքի եւ համայն Արեւելքի Ասորի ուղղափառ եկեղեցու պետ Զաքքա Իվաս Ա պատրիարքի առաջիկա հոկտեմբերին Մայր Աթոռ Սբ. Էջմիածին կատարելիք այցի, ինչպես նաեւ նոյեմբեր ամսին Ամենայն Հայոց Հայրապետի Ավստրալիա հովվապետական այցի մասին:
Նորին Սրբությունը տեղեկացրեց նաեւ, որ հոկտեմբեր ամսից Վիրահայոց թեմում իբրեւ թեմակալ առաջնորդ իր պարտականությունների ստանձմանը կանցնի Տ. Վազգեն վրդ. Միրզախանյանը: Վեհափառ Հայրապետի կողմից ընդունվել է նաեւ Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակի փոխանորդ Տ. Տարոն եպիսկոպոս Ճերեճյանի հրաժարականը:
Նիստի ավարտին որոշվեց ԳՀԽ-ի ընդլայնված նիստ հրավիրել հոկտեմբերի վերջին: