Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի կոնդակը Հայոց գրերի գյուտի 1600-ամյակի առիթով

ՔՐԻՍՏՈՍԱՒԱՆԴ ՍԻՐՈՅ ՈՂՋՈՅՆ ԵՒ ՕՐՀՆՈՒԹԻՒՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ, ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԵԱՆՑ ՀԱՅՈՑ ՍՐԲՈՅ ԵՐՈՒՍԱՂԻՄԱՅ ԵՒ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍՈՅ, ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ, ԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ, ՎԱՐԴԱՊԵՏԱՑ, ՔԱՀԱՆԱՅԻՑ ԵՒ ՍԱՐԿԱՒԱԳԱՑ, ԹԵՄԱԿԱՆ ԵՐԵՍՓՈԽԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՑ, ԹԵՄԱԿԱՆ ԵՒ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴՈՑ ԵՒ ՊԱՇՏՕՆԷԻՑ ԵՒ ՍԻՐԵՑԵԱԼ ՀԱՄԱՅՆ ՀԱՒԱՏԱՑԵԱԼ ԺՈՂՈՎՐԴԵԱՆ ՀԱՅՈՑ

«Յիշեաց զմեզ Տէր և օրհնեաց զմեզ»
(Սղմ. ՃԺԳ. 12)։

Շնորհն Աստծո և երկնային ողորմությունը այցելեցին ազգիս և Հայաստան աշխարհիս Հայ Գրերի երևելի գյուտով, որի 1600-ամյակը տոնախմբելու շնորհընկալներն ենք այսօր։ Աղոթք բարձրացնենք երկինք, քանզի «Հիշեց մեզ Տերն ու օրհնեց մեզ», պարգևելով անձինք պսակավոր, «որք զարդարեցին տնօրինաբար զիմաստս անեղին. հաստատելով յերկրի զգիր կենդանի»։
Պայծառ ու պանծալի են հիշատակները, որ պիտի ոգեկոչենք։
16 դար հեռվից մեր հոգու առջև պարզվում է հայոց կյանքի այն երջանիկ օրը, երբ Մաշտոց Վարդապետը վերադառնում էր Վաղարշապատ` հայերենի նորագյուտ Տառերը սեղմած սրտին` Հայաստանի համար, իր ազգի համար ցավացող սրտին։ Հեռավոր ճամփորդությունից ուրախ էր վերադառնում. Աստված ունկնդիր էր եղել նրա անդադրում աղոթքներին և օրհնել էր նրա տքնաջան աշխատանքը, օրհնել էր նրա առաքելությունը։ «Այբ» և «Քէ»` սկիզբն Արարիչ ու վերջը` Քրիստոս իմաստով ծնունդ էր առել 36 նշանագիր այբբենաշարը, որպեսզի հայ ժողովուրդը շուտով մայրենի լեզվով ընթերցի Աստվածաշունչը, «և բոլոր մարդկանց հասնի քրիստոսաբեր փրկությունը», ճանաչելի լինեն իմաստություն և խրատ, իմանալի` հանճարների խոսքը։
Ճանապարհի կայաններն անցնում էր հուսառատ, քանզի գիտեր, որ հայրենի երկրում սպասում են իրեն` ընդունելու իր ջանքերի արգասիքը։ Մովսեսն անգամ այնպես ուրախ չէր, ասում է Մաշտոցի աշակերտ ու վարքագիր Կորյունը, որովհետև երբ բազուկներին առած աստվածագիր տախտակները, իջավ Սինա լեռից, ժողովուրդը ոսկեձույլ կուռքի էր երկրպագում։ Մինչ Մաշտոցին անհամբերությամբ սպասում էին Սահակ Պարթև Կաթողիկոսը, Վռամշապուհ Թագավորը, նախարարագունդ ավագանին, աշխարհահոգ դասը եկեղեցականաց, ու երբ լսեցին, թե մոտեցել է մայրաքաղաքին, ժողովրդի բազմությամբ ելան ընդառաջ։ Եվ Արաքսի ջրերը ականատես եղան հանդիպման խնդությանը, օրհնության երգերին, փառաբանական ու գոհաբանական աղոթքներին։
Աստծո անանց խոսքը լսելի դարձնելու համար սկզբնավորվեց հայերեն դպրությունը։ Հայոց աշխարհի բոլոր գավառներում Թագավորի հոգածությամբ և Հայրապետի խնամքով բացվեցին դպրոցներ, կրթվեցին մանուկներ, ազատագունդ բանակը, և ժողովուրդն ինքը գալիս էր դեպի «աստվածային գիտության բացված աղբյուրը»։ Մաշտոցյան տառերը դարձան կենդանագիր խոսքի ծառայության մատռվակներ, «հայաբարբառ, հայրենախոս դարձան օրենուսույց Մովսեսը` մարգարեական գնդի հետ և առաջադեմ Պողոսը բոլոր առաքելական գնդով, Քրիստոսի աշխարհակեցույց Ավետարանի հետ միասին»։ Ու բացվեցին հոգու անսպառ վտակները, աշակերտները ուսուցիչներ դարձան, թարգմանիչներ, մեկնիչներ, շարականագիր, պատմիչ ու իմաստասեր։ Իմանալի լույսի կամարով միավորվեց Հայոց բաժանված հողը ու երկատված ազգային կյանքը։ Աստծո խոսքը հարդարեց ու զարդարեց հոգիները, հայրենի մեր երկրում ապրեցրեց փրկության հույսն ու հարության հավատը։ Տերը օրհնեց իր ժառանգությունը, որը իրենց վկայության կյանքով վաստակել էին Տիրոջ սուրբ առաքյալները և առաքելապատիվ հավատի մեր հայրը` Սուրբ Գրիգոր Լուսավորիչը։ Արդարև, «Հիշեց մեզ Տերն ու օրհնեց մեզ»։ Հայաստանի համար դժվարին ժամանակում տերեր եղան ազգին և առաջնորդ հավատարիմ հոգևորական ու աշխարհական իշխանավորները մեր, «որ զօրութեամբ Հօր իմաստութեան էին անեղի հաստատեցին զաթոռ սրբոյն Գրիգորի` թարգմանութեամբ նշանագրութեան»։
Սահակ-Մեսրոպյան դպրոցի օրհնյալ սերունդը կերտեց 5-րդ դարը հայոց պատմության` մտքի ու հոգու զարթոնքով պայծառ ու հանճարագործ, նվիրումով ու հավատարմությամբ հաղթական և նահատակությամբ լուսազգեստ։ Հոգով կրթածը հոգի կրթեց։ Մեր պատմության հետագա բոլոր դարերն առաջնորդեց հայ մշակույթի ոսկե հունձքի սերունդը` Քրիստոսասեր ու հայրենապաշտ, ազնվահոգի, լուսավորյալ ու մտավորական այն սերունդը, որը փորձության ժամին չվարանեց կյանքով պաշտպանել հավատն ու հայրենին։ Հայրեր ու որդիներ, ովքեր անցողիկի մեջ հավիտենականի ճանաչումով, մեր Տիրոջ սրբազնասուրբ անունը իրենց շուրթերին, անցան ճանապարհը Ավարայրից Նվարսակ։ «Հիշեց մեզ Տերն ու օրհնեց մեզ», շնորհելով դար երկունքների, դար հերոսացումի, երբ քչերի համեմատ առաքինի գտնվեցին շատերը, «որք զերկրաւոր մեծութեան փառաց խաւար կոչեցին, ապաւինելով ի յոյս անմահ փեսային` անճառ բանին արժանի եղեն»։ «Հիշեց մեզ Տերն ու օրհնեց մեզ»։ Շողաց արևը Շավարշանի դաշտից վեր և առհավետ միավորեց հայոց Հավատն ու Հայրենիքը։ Հայաստանի հողը պաշտպանված եղավ, թե ոտնակոխ, կանգուն եղավ հայոց պետականությունը, թե կործանված, երեսունվեց տառերով, Գրով Կենդանի միշտ պաշտպանված մնաց հայ հոգին։ Մաշտոցյան նշանագրերը մագաղաթին շարվելով, հոգիներում էին գրի առել մեր ժողովրդի գոյության իմաստն ու խորհուրդը։
Մաշտոցյան Գրով անմահացել է մեծասքանչ հայոց լեզուն, ու ոսկեհունդ արմատից բարձր բարձրացել է կանաչազարդ ծառը հայ մշակույթի, որոնցով ընդմիշտ մեկ ու միասնական է աշխարհասփյուռ ազգս հայոց, իր քրիստոնեական ինքնությամբ, իր հավատավոր, ստեղծող ու առաջադիմության ձգտող հոգևոր ներաշխարհով։ 16 դար ինչ որ ստեղծել է մեր ժողովուրդը, այնտեղ ներկա են հայերենի առաջին ուսուցիչները` Սուրբ Սահակ ու Սուրբ Մաշտոց մեր մեծ ու երանելի Վարդապետները, ու քանի դեռ անմար է նրանց լուսեղեն հիշատակը և հայ գրերի ոգեղեն խորհուրդը, պիտի ապրեն ու գործեն` աստվածային խավարացիր լույսի ու անհուն գանձերի բաշխումով շարունակելով կրթել միտք անհաղթ ու հոգի ազատ և հավատարիմ։
Սիրելի ժողովուրդ հայոց, սրտիդ սեղմած պահպանիր Մաշտոցյան գիրը մեր հարազատ, և միշտ նվիրական պիտի մնան մեր Հայրենիքն ու Սուրբ Եկեղեցին։ Սիրիր մեր մայրենին, ու պիտի գովերգվեն փառքերը նախնյաց, շնորհը ծաղկի, տեսիլքը ազնիվ ու մաքուր և ձգտումը վսեմ` հայրենյաց կյանքում։ Լուսավոր ու պայծառ պահիր հայոց դպրոցը, և մեր զավակների հետ հավերժի մասին պիտի զրուցեն Ազատն Արարատ, Մայր Արաքս ու Մայր Տաճար, որ ընդմիշտ հիշում են այն երջանիկ օրերի խնդությունը, երբ պատվական մեր ուսուցիչները հայերեն հնչող Աստծո խոսքով երանելի, ցանկալի ու սքանչելի դարձրեցին Հայոց աշխարհը։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հորդոր ենք կարդում մեր Նվիրապետական Աթոռներին, թեմակալ առաջնորդներին, ուխտապահ հոգևո‎ր դասին և համայն հավատավոր մեր ժողովրդին` Հայաստանում և Սփյուռքի մեր գաղօջախներում 2005 թվականին համազգային հանդիսությամբ ու շուքով տոնել Հայ Գրերի աստվածօրհնյալ Գյուտի պանծալի հիշատակները։ Աշխարհի չորս ծագերում թող մեր խնդագին հոգու աղոթքը բարձրանա երկինք, քանզի «Հիշեց մեզ Տերն ու օրհնեց մեզ»` պարգևելով անձինք պսակավոր, «որք զարդարեցին տնօրինաբար զիմաստս անեղին. հաստատելով յերկրի զգիր կենդանի»։
Թող Աստծո խաղաղ ու արդար հայացքը շողարձակի հայոց կյանքին` ազատ ու վերածնվող մեր Հայրենիքում և Հայ Սփյուռքի բոլոր կողմերում։
Իջման Սուրբ Սեղանի առջև աղոթք ենք բարձրացնում երկինք` հայցով, որ Աստված, բարեխոսությամբ լուսաբնակ մեր թարգմանիչ վարդապետների, շնորհ և ավելի շնորհ բաշխի հավատավոր մեր ժողովրդին և որպեսզի հարատև լինեն սերը և նվիրումը առ Հայրենին ու մեր Սուրբ Եկեղեցին, և աներեր մեր հավատը, որ «Տերը բարություն պիտի գործի, իսկ մեր երկիրն իր պտուղը պիտի տա» ¥Սղմ. ՁԴ. 13¤։ «Շնորհք, ողորմութիւն, խաղաղութիւն Աստուծոյ ի Հօրէ և ի Տեառնէ Յիսուսէ Քրիստոսէ Որդւոյն Հօր, ճշմարտութեամբ և սիրով եղիցին ընդ Ձեզ»: Ամէն:

ԳԱՐԵԳԻՆ Բ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

 

Տուաւ Կոնդակս ի 29-ն Յունուարի
յամի Տեառն 2005 և ի թուին Հայոց ՌՆԾԴ
ի Մայրավանս Սրբոյ Էջմիածնի
ընդ համարաւ 283