Գարեգին Բ-ն ընդունել է ռաբբի Արթուր Շնայերին
Փետրվարի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում գործող «Խղճի կանչ» հիմնադրամի նախագահ ռաբբի Արթուր Շնայերին՝ ուղեկցությամբ Հյուսիսային Ամերիկայի Հայ Եկեղեցու Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի։
Վեհափառ Հայրապետը ողջունեց ռաբբի Շնայերի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցը՝ ուրախություն հայտնելով, որ ռաբբին կարողացել է արձագանքել մոտ մեկ տարի առաջ իրեն ուղղված հրավերին:
Ռաբբի Շնայերը իր խորին երախտագիտությունը հայտնեց Վեհափառ Հայրապետին՝ հիշելով 2001թ. մայիսին կայացած իրենց հանդիպումը, շեշտելով, որ երախտապարտ է իր խոստումը կատարելու և Հայաստան գալու համար։
Վեհափառ Հայրապետը ռաբբի Շնայերին հրավիրել էր Հայաստան՝ մասնակցելու 1700-ամյակի միջոցառումներին, որոնք տեղի ունեցան անցյալ տարվա սեպտեմբերին։ Նույն ամսին ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչությունների պատճառով ռաբբի Շնայերը չէր կարողացել մասնակցել: Վեհափառ Հայրապետը, դիմելով ռաբբիին, ասաց. «Ուրախ ենք, որ դուք կարողացաք ի վերջո կատարել այս ճամփորդությունը: Թեև մենք ավարտեցինք մեր հոբելյանական տարին, ձեր այցելությունը մեզ հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ վերհիշելու այդ օրերը»:
«Խղճի կոչ» հիմնադրամը բազմադավան կրոնական կազմակերպություն է, որը հիմնվել է Նյու Յորքում, այն հովանավորում է հակամարտությունների կարգավորման ծրագրերը: