Գարեգին Բ Կաթողիկոսն իր օրհնությունը տվեց Սպիտակցի երեխաներին
Մայիսի 13-ին Վեհարանի դահլիճում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն հյուրընկալեց սպիտակցի շուրջ 500 երեխաների:
Նորին Սրբությունն իր հայրապետական մաղթանքն ու օրհնությունը տվեց նրանց` պատգամելով լինել հայրենիքի ու Մայր Եկեղեցու արժանավոր զավակներ:
Երեխաների ուխտագնացությունը Մայր Աթոռ Սբ. Էջմիածին նախաձեռնել էր սպիտակաբնակ Սլավիկ Հովակիմյանի ընտանիքը, որ մտադիր է նման այցելությունները դարձնել պարբերական: Սբ. Էջմիածնում երեխաներն առիթ ունեցան լինելու նաեւ Մայր Աթոռի թանգարաններում: Սբ. Էջմիածնից երեխաները մեկնեցին Երեւանի Նորքի Հայորդյաց տուն, ուր նրանց համար գեղեցիկ համերգ էին կազմակերպել Հայորդյաց տան սաները: