Գարեգին Բ Կաթողիկոսն իր օրհնությունը տվեց շուրջ 100 նորապսակ զույգերի
Տյառնընդառաջի նախատոնակը` Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում
Փետրվարի 13-ին Տյառնընդառաջի տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Արտաշատում տեղի ունեցավ նորապսակների օրհնության արարողություն: Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու պատգամը տվեց Արտաշատի ու շրջակա բնակավայրերի շուրջ 100 նորապսակ զույգերի` մաղթելով «Տիրոջ հանապազ խնամքն ու պահպանությունը նորահաստատ բոլոր ընտանիքներին»:
Արարողությանն իր մասնակցությունը բերեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Վեհափառ Հայրապետին ուղեկցում էին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ եպս. Կճոյանը, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի դիվանապետ Տ. Արշակ վրդ. Խաչատրյանը:
***
Վեհափառ Հայրապետը, վերադառնալով Մայր Աթոռ Սբ. Էջմիածին, երեկոյան ժամը 17.00-ին եկեղեցական թափորով առաջնորդվեց Մայր Տաճար` հանդիսապետելու Տյառնընդառաջի նախատոնակի եւ անդաստանի արարողությունները:
Նախատոնակով ավետվեց Տերունական տոնի սկիզբը: Ապա կատարվեց անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվեցին աշխարհի չորս ծագերը: Անդաստանին հաջորդեց մոմերի օրհնության կարգը, որոնց կրակով Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի բակում բոցավառվեց ավանդական խարույկը` իբրեւ Քրիստոսի լույսի խորհրդանիշ: