Գարեգին Բ Կաթողիկոսն իր գնահատանքն է հայտնում
Ապրիլի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Կաթողիկոսը նամակ է հղել Կանադայի խորհրդարանի Համայնքների պալատի խոսնակ պարոն Փիթըր Միլիքընին: Նամակում Վեհափառ Հայրապետն աշխարհասփյուռ համայն հայության անունից իր երախտագիտությունը եւ գնահատանքն է հայտնել խորհրդարանի կողմից ապրիլի 21-ին ընդունված որոշման համար, որով Կանադայի օրենսդիր մարմինը պաշտոնապես ճանաչում եւ դատապարտում է Հայոց Ցեղասպանությունը:
Դիմելով խորհրդարանականներին, Նորին Սրբությունն ի մասնավորի նշում է. «Մենք երախտապարտ ենք, որ 1915-1923 դաժան տարիներից հետո հայ ժողովուրդն ապաստան գտավ ինչպես Կանադայի օրհնյալ հողում, այնպես էլ ամբողջ աշխարհի տարբեր անկյուններում` արժանանալով բարեհաճ վերաբերմունքի: 20-րդ դարի առաջին Ցեղասպանության զավակները ոչ միայն փրկություն գտան իրենց նոր հանգրվաններում, այլեւ բարգավաճեցին, զորացան եւ դարձան իրենց ապաստանած երկրների հավատարիմ եւ արժանավոր քաղաքացիները:
Ահավասիկ, մոտենում ենք 2005 թվականին` Հայոց Ցեղասպանության 90-րդ տարելիցին, սակայն ցեղասպանությունը դեռեւս շարունակում է մնալ մարդկության համար կարեւոր խնդիր: Ցեղասպանությունը երբեք չի կարող լինել մեր ժամանակների կրոնական, ընկերային եւ քաղաքական հակամարտությունների լուծման ուղի: Ցեղասպանության կանխման ուղին դրա ընդունումը եւ ճանաչումն է: Ցեղասպանության զոհերի` թե° ողջերի եւ թե° նահատակների համար արդարության հասնելու միակ ուղին դրա դատապարտումն է: Ցեղասպանությունը հանցանք է ոչ թե մեկ ազգի, այլ ավելին` մարդու եւ Աստծու հանդեպ: Այն ծանրագույն հանցանք է մարդկության հանդեպ: Աստծո առանձնակի շնորհը մարդուն կյանք պարգեւելն է: Կյանքի պաշտպանությունը վստահված է իշխանություններին, եւ յուրաքանչյուր պաշտպանված կյանք պարգեւ է, որը մենք նվիրաբերում ենք Աստծուն: Ուստի, բոլորը պետք է գիտակցեն, որ մարդկային կյանքի դեմ որեւէ ոտնձգություն ի սկզբանե պետք է դատապարտվի: Մարդկության տառապանքները վերջ կգտնեն ձեզ նման խիզախ մարդկանց գործերի շնորհիվ, որոնք նպաստում են արդարության հաղթանակին»: