Գարեգին Բ կաթողիկոսն ընդունեց Ֆրանսիայից Հայաստան ժամանած էկումենիկ պատվիրակությանը

Ապրիլի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունեց ֆրանսիական «Ֆրանսիա-Հայաստան բողոքականների համերաշխություն» կազմակերպության նախաձեռնությամբ Հայաստան ժամանած ավետարանական եւ կաթոլիկ եկեղեցիների շուրջ 120 հոգուց բաղկացած էկումենիկ պատվիրակությանը՝ Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Մարսելի հոգեւոր հովիվ Տ. Զատիկ վրդ. Ավետիքյանի առաջնորդությամբ:

Նորին Սրբությունը ողջունելով հյուրերին, կարեւոր նկատեց միջեկեղեցական կապերի անհրաժեշտությունն ու քրիստոնեական եղբայրությունը։

Հանդիպման ընթացքում Վեհափառ Հայրապետն անդրադարձավ 1700-ամյա Հայ եկեղեցու ներկա վիճակին ու առաքելությանը, ներկայացրեց խորհրդային անաստվածության տարիներից հետո եկեղեցու գործունեության հիմնական ուղղությունները։

Հանդիպման ավարտին կազմակերպության նախագահ վերապատվելի Սամուել Սահակյանը Վեհափառ Հայրապետին շնորհակալություն հայտնեց ընդունելության համար։ Հյուրերը հնարավորություն ունեցան նաեւ լսելու Վեհափառ Հայրապետի պատասխաններն իրենց հետաքրքրող հարցերի շուրջ։