Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունեց Վլադիմիր Պրյախինին
Փետրվարի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի նորանշանակ ղեկավար դոկտ. Վլադիմիր Պրյախինին:
Վեհափառ Հայրապետը, ողջունելով պրն. Պրյախինի անդրանիկ այցը Մայր Աթոռ Սբ. Էջմիածին, բարձր գնահատեց ԵԱՀԿ դերը Հայաստանում ժողովրդավարության զարգացման ու առաջընթացի գործում:
Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունն ու պրն. Պրյախինն անդրադարձան Հայաստանում խղճի ազատության եւ կրոնական կազմակերպություններին վերաբերող հարցերի: Նորին Սրբությունը որոշ մտահոգություն հայտնեց Հայաստան ներթափանցած տարբեր կրոնական կազմակերպությունների կողմից օրենքի ոտնահարման առնչությամբ, երբ նյութական զանազան միջոցներով փորձ է արվում հեռացնել ժողովրդին Մայր Եկեղեցուց եւ ճշմարիտ հավատքից:
Զրույցի ընթացքում խոսվեց նաեւ եկեղեցի-պետություն հարաբերություններին, ինչպես նաեւ հոգեւոր դաստիարակությանն առնչվող խնդիրների շուրջ:
Հանդիպման ավարտին Նորին Սրբությունը արգասաբեր գործունեություն մաղթեց պրն. Պրյախինին` վստահությամբ, որ այն ծառայելու է հասարակական կյանքի խաղաղ առաջընթացին: