Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունեց Պաոլո Կոելոյին
Հոկտեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց բրազիլացի արձակագիր Պաոլո Կոելոյին ՀՀ գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի ուղեկցությամբ:
Ողջունելով հանրաճանաչ գրողի այցը Մայր Աթոռ` Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ նրա գրական ժառանգության եւ «Ալքիմիկոսը» նրա գրքի հայերեն առաջին հրատարակությանը:
«Ուրախ ենք, որ Ձեր գիրքը հայերեն լեզվով հասու դարձավ հայ հասարակությանը: Պիտի ընթերցենք այն` առավել հաղորդ դառնալով ձեր մտածումներին, ձեր հոգեբանությանը: ... Ձեզ նման անձերն են, որ նպաստում են իրենց ծառայությամբ, որ մարդիկ պահպանեն իրենց արարչաստեղծ դեմքը»,-նշեց Վեհափառն իր խոսքում` մաղթելով բեղուն գրիչ եւ արդյունաշատ ծառայություն բազմավաստակ գրողին:
Պ. Կոելոն իր հերթին շնորհակալություն հայտնեց ընդունելության համար եւ իր խոսքում շեշտեց, որ նոր ներշնչանքի աղբյուր է դարձել իրեն համար հայ ժողովրդի պատմությունը:
«Այս այցը Հայաստան շատ կարեւոր է եւ խորհրդանշական: Հայերեն այս թարգմանությամբ իմ հոգիս ավելի է ուրախանում եւ ցնծում»,- նշեց հանրահայտ գրողը` պատրաստակամություն հայտնելով ծառայելու դարավոր հայ ժողովրդին եւ հայցելով Նորին Սրբության Հայրապետական օրհնությունը:
Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաեւ իր գնահատանքն ու օրհնությունը բերեց Պաոլո Կոելոյի գրքի թարգմանիչներին ու հրատարակիչներին: