Գարեգին Բ կաթողիկոսն ընդունեց Ուկրաինայի նորանշանակ դեսպանին
Ապրիլի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունեց Հայաստանում Ուկրաինայի Հանրապետության նորանշանակ դեսպան Վլադիմիր Տյագլոյին։
Նորին Սրբությունը ողջունեց դեսպանի այցը հայոց հոգեւոր կենտրոն եւ ուրախություն հայտնեց, որ հայ-ուկրաինական դարավոր կապերը շարունակում են զարգանալ՝ որպես երկու անկախ պետությունների եղբայրական համագործակցության արգասիք։
Հանդիպման ընթացքում նորանշանակ դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, բարձր գնահատեց Ուկրաինայի հայ համայնքի դերը երկրի մշակութային եւ հասարակական կյանքում:
Վեհափառ Հայրապետը իր բարեմաղթանքը հայտնեց պրն. Տյագլոյին այն վստահությամբ, որ նոր դեսպանը եւս իր նպաստը կբերի երկու երկրների եւ ժողովուրդների հարաբերությունների առավել ամրապնդմանը։