Գարեգին Բ կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովին

Գարեգին Բ կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովին 31.01.2003

Հունվարի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի գլխավորած պատվիրակությանը` Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի եւ Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Անատոլի Դրյուկովի ուղեկցությամբ:

Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետը եւ Մոսկվայի քաղաքապետն ուրախությամբ փաստեցին, որ վերջին տասը տարիներին առավել ամրապնդվել է հայ-ռուսական դարավոր բարեկամությունը:

Հայոց Հայրապետն իր գնահատանքը հայտնեց Մոսկվայի քաղաքապետին հայ համայնքի նկատմամբ ունեցած հոգատար վերաբերմունքի համար:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` պրն. Լուժկովը դրվատանքով խոսեց մոսկվաբնակ հայերի մասին: Նա նշեց, որ Նորին Սրբություն Ալեքսի Պատրիարքի աջակցությամբ քաղաքապետարանը բարի հարաբերություններ է հաստատում բոլոր համայնքների եւ կրոնական հարանվանությունների հետ:

Հանդիպման ավարտին Հայոց Հայրապետը պրն. Լուժկովին շնորհեց Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի շքանշան:

Հանդիպմանը ներկա էին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ եպս. Կճոյանը, Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպս. Ներսիսյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն եպս. Ադամյանը, Սբ. Էջմիածնի միաբանության հոգեւոր հայրեր: