Գարեգին Բ կաթողիկոսն ընդունեց Հունաստանի զինված ուժերի հոգեւոր ծառայության ղեկավարներին
Ապրիլի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունեց Հունաստանի Հանրապետության զինված ուժերի հոգեւոր ծառայության ղեկավար, գնդապետ Գեորգիոս քահանա Ապատոլոակիդեսին եւ նրա օգնական՝ գնդապետ Գրիգորիոս քահանա Լազարինեսին՝ ՀՀ ԶՈՒ հոգեւոր տեսուչ Տ. Արշեն աբեղա Սանոսյանի ուղեկցությամբ։
Զրույցի ընթացքում կարեւոր նկատվեց հոգեւոր ծառայության դերը զինծառայողներին քրիստոնեական-բարոյական սկզբունքներով եւ ազգային-հայրենասիրական ոգով դաստիարակելու գործում։
Հունական բանակում հոգեւոր ծառայությունն առավել երկար տարիների փորձ ունի։ Վեհափառ Հայրապետին տեղեկություններ հաղորդելով իրենց ծառայության վերաբերյալ, հայր Գեորգիոսը նշեց, որ այսօր Հունաստանի զինված ուժերում իբրեւ բանակի սպաներ իրենց ամենօրյա հոգեւոր սպասավորությունն են բերում բազմաթիվ հոգեւորականներ։
Վեհափառ Հայրապետը գոհունակություն հայտնեց հայկական եւ հունական ծառայությունների միջեւ գոյություն ունեցող համագործակցության առիթով եւ նշեց, որ հայկական բանակում հոգեւոր ծառայությունը հիմնված լինելով միայն վերջին տարիների ընթացքում, հունական փորձառությանը հաղորդ դառնալու կարիք ունի։
Շնորհակալություն հայտնելով Հայոց Հայրապետի ընդունելությանն արժանանալու համար, հյուրերը պատրաստակամություն հայտնեցին իրենց աջակցությունը բերել հայ հոգեւորականներին զինված ուժերում հոգեւոր ծառայության ասպարեզում։
Հանդիպման ավարտին Հայոց Հայրապետն իր ողջույնը հղեց Հունաստանի ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոսին եւ հաջողություն մաղթեց հույն հոգեւորականներին իրենց առաքելության մեջ։