Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունեց Հնդկաստանի դեսպանին
Հոկտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Դիպակ Վոհրային:
Վեհափառ Հայրապետը ողջունեց պրն. Վոհրայի այցը Մայր Աթոռ Սբ. Էջմիածին եւ համոզմունք հայտնեց, որ նորանշանակ դեսպանը նույն ջերմեռանդությամբ շարունակելու է իր նախորդի աշխատանքը` նպաստելով հայ-հնդկական կապերի զարգացմանը:
Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետն ու պրն. դեսպանն անդրադարձան հայ-հնդկական պատմական առնչություններին: Նորին Սրբությունը մասնավոր իր ուրախությունը հայտնեց, որ այսօր էլ Կալկաթայում շարունակում է գործել հայոց Մարդասիրաց ճեմարանը, ուր կրթվում են մոտ 100 հայորդիք: Իր հերթին պրն. Վոհրան Վեհափառ Հայրապետին ներկայացրեց երկու երկրների միջեւ առկա ներկայիս տնտեսական եւ մշակութային կապերը:
Հանդիպման ավարտին Հայոց Հայրապետը բարի եւ արգասաբեր առաքելություն մաղթեց նորանշանակ դեսպանին: