Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում Լեհաստանի Հանրապետության դեսպան Վիկտոր Ռոսսին

Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում Լեհաստանի Հանրապետության դեսպան Վիկտոր Ռոսսին 04.02.2004

Փետրվարի 4-ին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում Լեհաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Վիկտոր Ռոսսին:

Զրույցի ընթացքում Նորին Սրբությունն ու պրն. Ռոսսն անդրադարձան հայ-լեհական պատմական կապերին: Պրն. դեսպանը մասնավորապես նշեց այն մեծ ներդրումը, որ 14-րդ դարից ի վեր ունեցել է լեհահայ համայնքն իր երկրի մշակույթի զարգացման գործում: Վեհափառ Հայրապետն իր հերթին ուրախություն հայտնեց Հայաստանում Լեհաստանի դեսպանատան հաստատման առնչությամբ եւ վստահություն հայտնեց, որ երկու երկրների միջեւ ամրապնդվող դիվանագիտական հարաբերությունները նպաստելու են երկու երկրների եւ ժողովուրդների բարեկամության զորացմանը:

Հանդիպման ընթացքում խոսվեց նաեւ վերջին տարիներին բազմաթիվ հայերի Լեհաստան ներգաղթի, ինչպես նաեւ նրանց հոգեւոր կյանքի կազմակերպմանն առնչվող խնդիրների շուրջ: Այս առիթով Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ նշեց, որ Վարշավայի համալսարանում աստվածաբանություն է ուսանում Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի միաբան Տ. Դանիել աբեղա Թումանյանը:

Հանդիպման ավարտին Վեհափառ Հայրապետն արգասաբեր աշխատանք մաղթեց նորանշանակ դեսպանին` ի շահ երկու երկրների եւ ժողովուրդների բարօրության: