Գարեգին Բ կաթողիկոսն ընդունեց Կանադայի խորհրդարանի Կանադա-Հայաստան բարեկամության խմբի անդամներին
Մայիսի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունեց Կանադայի խորհրդարանի Կանադա-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի անդամներին` Կանադայում Հայաստանի դեսպան Արա Պապյանի ուղեկցությամբ:
Վեհափառ Հայրապետը ողջունեց երկու երկրների միջեւ առկա բարեկամությունը, նշելով նաեւ Կանդայի իշխանությունների կողմից կանադահայ համայնքի նկատմամբ ունեցած ջերմ վերաբերմունքը, ինչի ականատեսն է եղել նախորդ տարի Կանադա կատարած հովվապետական այցի ընթացքում: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ նշեց, որ կանադահայերը իբրեւ երկրի լիարժեք քաղաքացիներ ոչ միայն իրենց մասնակցությունն են բերում Կանադայի հասարակական-քաղաքական կյանքին, այլեւ Հայ եկեղեցու շուրջ համախումբ կարողանում են կազմակերպել իրենց ազգային-եկեղեցական կյանքը:
Կանադայի խորհրդարանի անդամ, Կանադա-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի ղեկավար Սարգիս Ասատուրյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ներկայացրեց հայ-կանադական հարաբերությունների զարգացման հեռանկարները: Խոսվեց նաեւ Կանադայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի վերաբերյալ: Ինչպես նշեցին հյուրերը, խմբի անդամները որոշակի քայլեր են ձեռնարկում այդ ուղղությամբ, եւ առաջիկայում առանձին անդամների կողմից համապատասխան օրինագիծ կներկայացվի խորհրդարան: Վեհափառ Հայրապետը կարեւոր ու էական նկատեց ցեղասպանության ճանաչումը, այն համարելով իբրեւ համամարդկային ողբերգություն, որը նույնչափ դատապարտելի է, որքան` ահաբեկությունը:
Զրույցի ընթացքում, ի պատասխան հյուրերի հարցումների, Վեհափառ Հայրապետը խոսեց ետխորհրդային տարիներին Հայ եկեղեցու գործունեության ու առկա դժվարությունների մասին, անդրադարձավ աղանդավորության տարածման խնդիրներին:
Հանդիպման ավարտին հյուրերը Վեհափառ Հայրապետին նվիրեցին Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի առիթով Կանադայում հրատարակված նամականիշի մեծադիր նկարը` Կանադա-Հայաստան խորհրդարանական խմբի անդամների ստորագրություններով: