Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունեց Լեռնային Ղարաբաղի Ազգային Ժողովի նախագահ Օլեգ Եսայանին
Նոյեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Օլեգ Եսայանի գլխավորած պատվիրակությանը` ՀՀ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի ուղեկցությամբ:
«Անչափ ուրախ ենք տեսնել ձեզ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում` Վեհարանի հարկի ներքո եւ վստահեցնել մեր եկեղեցու զորակցությունը: Մեր աղոթքներում միշտ ունենք Արցախ աշխարհը, եւ Մեր հայցն է, որպեսզի Տերը խաղաղության մեջ պահի ու պահպանի ազգը համայն, Հայաստան երկիրը մեր, Արցախը եւ նրա հերոսական ժողովուրդը»,- հյուրերին ողջունեց Ամենայն Հայոց Հայրապետը` գոհունակությամբ նշելով Հայաստանի եւ Ղարաբաղի խորհրդարանների սերտ փոխգործակցությունը: Հայոց Հայրապետը բարձր գնահատեց նաեւ Ղարաբաղի իշխանությունների հոգածությունը Հայ եկեղեցու եւ մասնավորապես Արցախի թեմի հանդեպ, որի արտահայտությունն է Ստեփանակերտի կենտրոնում վեր հառնող նոր եկեղեցին:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ԼՂՀ խոսնակ Օլեգ Եսայանը, Վեհափառ Հայրապետին ներկայացրեց պատվիրակության այցի արդյունքները` միտված Հայաստանի եւ Արցախի խորհրդարանական կապերի առավել զորացմանը: