Գարեգին Բ կաթողիկոսն ընդունեց Բելառուսի ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությանը

Ապրիլի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Բելառուսի ՆԳ նախարար, գեներալ-մայոր Վլադիմիր Նաումովի գլխավորած պատվիրակությանը՝ ՀՀ ՆԳ նախարար Հայկ Հարությունյանի ուղեկցությամբ։

Հանդիպման ընթացքում ՀՀ ՆԳ նախարարը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց երկու նախարարությունների միջեւ փոխգործակցությունը եւ իր գոհունակությունը հայտնեց վերջինիս արդյունավետության առնչությամբ։

Նորին Սրբությունը ողջունեց եւ բարձր գնահատեց երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցությունը՝ իբրեւ նախկին խորհրդային հանրապետությունների միջեւ շարունակվող բարեկամության դրսեւորում։ Վեհափառ Հայրապետը միաժամանակ կարեւոր նկատեց ներքին գործերի աշխատանքը երկրի կայունության եւ օրինականության պահպանման գործում։

Ի պատասխան հյուրերի հարցումների Հայոց Հայրապետն անդրադարձավ նաեւ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի պատմությանն ու ներկայիս գործունեությանը։

Հանդիպմանը ներկա էր Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ եպս. Կճոյանը։