Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունեց բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը
Նոյեմբերի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի լորդերի պալատի փոխխոսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսին եւ նրա գլխավորած «Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամություն» պատգամավորական խմբի պատվիրակությանը` ՀՀ ԱԺ փոխխոսնակ Տիգրան Թորոսյանի եւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Թիմոթի Էյդան Ջոնսի ընկերակցությամբ:
Ողջունելով հյուրերին` Վեհափառ Հայրապետը բարձր գնահատեց ինչպես բարոնուհի Քոքսի, այնպես էլ 10-ամյա պատգամավորական խմբի դերը ժողովուրդների միջեւ բարեկամության ամրապնդման գործում եւ նշեց, որ նրանց աշխատանքի շնորհիվ է նաեւ, որ անգլիացի ժողովուրդը հաղորդ է դառնում հայ ժողովրդի պատմությանն ու խնդիրներին: Հանուն Հայ Եկեղեցու եւ ժողովրդի Նորին Սրբությունը միաժամանակ իր երախտիքը հայտնեց Ուելսի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ընդունման առնչությամբ` համոզմունքով, որ մարդկության դեմ կատարված այդ ոճիրը կդատապարտվի նաեւ ողջ Միացյալ Թագավորությունում:
Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունն անդրադարձավ նաեւ Հայ եւ Անգլիկան եկեղեցիների միջեւ եղբայրական կապերին, պատասխանեց հյուրերին հետաքրքրող մի շարք հարցերի: