Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունեց «Ֆրանսիա-Հայաստան բողոքականների համերաշխություն» կազմակերպության պատվիրակությանը
Ապրիլի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունեց «Ֆրանսիա-Հայաստան բողոքականների համերաշխություն» կազմակերպության նախաձեռնությամբ Հայաստան ժամանած Ֆրանսիայի ավետարանական, կաթոլիկ, ինչպես նաեւ Հայ Առաքելական եկեղեցիների ներկայացուցիչների էկումենիկ պատվիրակությանը։
Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն հայտնեց կազմակերպությանը վերջին տասնամյակում Հայաստանում իրականացրած բարեգործական աշխատանքների համար՝ նկատելով, որ կազմակերպությունն իր գործունեությամբ նպաստում է քույր եկեղեցիների միջեւ հարաբերությունների զարգացմանը։
Օգտվելով առիթից, որ պատվիրակության այցը Հայաստան համընկնում է այն օրերին, երբ հայ ժողովուրդը նշում է Հիսուս Քրիստոսի Սբ. Հարության տոնը, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, Նորին Սրբությունն իր զատկական բարեմաղթանքը ուղղեց հյուրերին, ապա՝ իր գնահատանքը հայտնեց ֆրանսիացի ժողովրդին ու պետությանը, որ օրենքով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ ժամանակին նաեւ ապաստան տվել ցեղասպանությունից մազապուրծ հայ գաղթականների։
«Լիահույս ենք, որ աշխարհի այլ պետություններ եւս, հետեւելով Ֆրանսիայի օրինակին, կճանաչեն Հայոց ցեղասպանությունը, որպեսզի մարդկությունը զերծ մնա նման ողբերգություններից»,- ասաց Հայոց Հայրապետը։