Գարեգին Բ Կաթողիկոսի կոնդակով 2003 թվականը հռչակվեց Սբ. Էջմիածնի տարի
Հոբելյանական տարվա առաջին Ուխտի Պատարագը` Մայր Աթոռում
Կիրակի, փետրվարի 2-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հընթացս Սբ. Պատարագի հանդիսավորապես ընթերցվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի սրբատառ կոնդակը` նվիրված Մայր Տաճարի օծման 1700-ամյակին. Վեհափառ Հայրապետի կոնդակով 2003 հոբելյանական տարին հռչակվեց Աստվածակառույց Սբ. Էջմիածնի տարի:
Հայրապետական կոնդակն ընթերցեց Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմակալ առաջնորդ Տ. Եզրաս եպս. Ներսիսյանը: Կոնդակում, անդրադառնալով Սբ. Էջմիածնի նվիրական խորհրդին, Նորին Սրբությունն իր ողջույնն է հղում Հայ Եկեւեցու նվիրապետական աթոռների գահակալներին, թեմակալ առաջնորդներին, հոգեւոր դասին ու հավատացյալ ժողովրդին եւ պատգամում ազգահավաք ու հայրենաշեն գործերով նշանավորել մեծ հոբելյանը:
Նույն օրը Մայր Աթոռն ընդունեց հոբելանական տարվա անդրանիկ ուխտավորներին: Առաջին ուխտագնացներն Արմավիրի թեմի հավատացյալներն էին` թեմակալ առաջնորդ Տ. Սիոն եպս. Ադամյանի, Արմավիրի մարզպետ Ալբերտ Հերոյանի եւ մարզի երեք քաղաքագլուխների գլխավորությամբ: Տ. Սիոն եպս. Ադամյանը մատուցեց առաջին Ուխտի Պատարագը: Սբ. Պատարագից հետո Արմավիրի ուխտավորներին ընդունեց Վեհափառ Հայրապետը:
Հոբելյանական տարվա առիթով Ուխտի պատարագներ Մայր Տաճարում կմատուցվեն տարվա տարբեր կիրակիներ, երբ հայոց թեմերի առաջնորդներ քահանայից դասի եւ հավատացյալ հոտի ուղեկցությամբ ուխտի կգան Մայրավանք: