Գարեգին Բ Կաթողիկոսի գահակալության երրորդ տարեդարձը Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում

Երեք տարի առաջ, նոյեմբերի 4-ին, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում տեղի ունեցավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց 132-րդ Կաթողիկոսի օծման եւգահակալության հանդիսավոր արարողությունը:

Հայոց Հայրապետի գահակալության տարեդարձը Մայրավանքում նշվեց կիրակի, նոյեմբերի 3-ին, հընթացս Սբ. Պատարագի` Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու նվիրապետական աթոռների ներկայացուցիչ բարձրաստիճան եկեղեցականների, Հայաստանի եւ սփյուռքի թեմակալ առաջնորդների, Մայր Աթոռի միաբանների, Գերագույն հոգեւոր խորհրդի անդամների եւբազմաթիվ հավատացյալների ներկայությամբ: Պատարագիչն էր Տ. Խաժակ արք. Պարսամյանը: Տարեդարձի առիթով թեմակալ առաջնորդների եւ եպիսկոպոսաց դասի մասնակցությամբ Իջման Սբ. Սեղանի առջեւ կատարվեց հայրապետական մաղթանք, ապա Խաժակ Սրբազանն անդրադարձավ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության երեք տարիների գործունեությանը` մասնավորապես կարեւորելով եկեղեցաշինության եւ հոգեւորականության նոր սերնդի պատրաստման ոլորտներում արձանագրված իրագործումները:

Ն.Ս.Օ.Տ©Տ© Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության երրորդ տարեդարձի առիթով Նորին Սրբությանը շնորհավորական եւ բարեմաղթանքի իրենց զգացումներն են փոխանցել քույր եկեղեցիների առաջնորդներ, Հայ Եկեղեցու նվիրապետական աթոռների գահակալներ, Մայր Աթոռի միաբաններ, պաշտոնեությունը, ինչպես նաեւ գիտության եւ մշակույթի գործիչներ:

Երեկ, հընթացս Հայրապետական մաղթանքի Հռոմի Կաթոլիկ եկեղեցու պետ Հովհաննես Պողոս Բ պապի շնորհավորական գիրն Ամենայն Հայոց Կաթողիկոսին հանձնեց Անդրկովկասյան երկրներում պապական նվիրակ եպիսկոպոս Կլաուդիո Գուջերոտտին :