Գարեգին Բ կաթողիկոսը ներկա գտնվեց իրանական մշակույթի ցուցահանդեսի բացմանը

Փետրվարի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն այցելեց Հայաստանի Ազգային պատկերասրահ` իր օրհնությունը տալու Հայաստանում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ իրանական մշակույթի ցուցահանդեսի բացմանը` նվիրված ԻԻՀ հեղափոխության 23-րդ տարեդարձին:

Նորին Սրբությունը ուրախություն հայտնեց, որ երկու հարեւան ժողովուրդների եւ երկրների միջեւ զարգանում են դարավոր բարեկամական կապերը` արդյունավորվելով մշակութային նման ձեռնարկումներով, ինչպես նաեւ բարձր մակարդակների հանդիպումներով:

Բացման արարողությունից հետո Վեհափառ Հայրապետը շրջեց ցուցասրահներով, ծանոթացավ իրանցի վարպետների փորագիր եւ գեղանկար աշխատանքներին:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանը, ԻԻՀ դեսպան Մուհամադ Ֆարհադ Քոլեյնին, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, մշակույթի գործիչներ: