Գարեգին Բ. Կաթողիկոս. «Մենք ավելին ենք ակնկալում եւ ավելին պահանջում մեր եկեղեցականներից»

Գարեգին Բ. Կաթողիկոս. «Մենք ավելին ենք ակնկալում եւ ավելին պահանջում մեր եկեղեցականներից» 25.07.2003

Միաբանական համագումար` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Հուլիսի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում սկսվեց ընդհանուր միաբանական եռօրյա համագումար` «Եկայք շինեսցուք սուրբ զխորանն լուսոյ» կարգախոսով` նվիրված Սբ. Էջմիածնի Մայր Տաճարի օծման 1700-ամյակին:

1988թ. ի վեր սա Սբ. Էջմիածնի 3-րդ ընդհանուր միաբանական համագումարն է, որի ընթացքում Հայաստանի եւ սփյուռքի թեմերից ժամանած շուրջ 65 միաբան հայրեր` ծայրագույն վարդապետներ, վարդապետներ ու աբեղաներ քննարկելու են հովվական կյանքին առնչվող խնդիրներ` հայ եկեղեցականի առաքելությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով:

Համագումարն սկսվեց Վեհափառ Հայրապետի օրհնության պատգամով:

«Այսօր մեր ժողովուրդը վերստին իր քայլերն ուղղել է դեպի Եկեղեցի: Եւ պահը այդ իմաստով շատ կարեւոր ու վճռական է, որպեսզի, չլինի թե հանկարծ, մեր աշխատանքով հուսախաբ եւ հավատաթափ անենք մեր ժողովրդին»,- դիմելով ժողովականներին` ասաց Վեհափառ Հայրապետը:

Նորին Սրբությունը գնահատանքով արձանագրեց հոգեւոր սպասավորների նվիրյալ գործունեությունը, միաժամանակ նշելով. «Վստահ եմ, որ հոգեւորականների այս զորաբանակը, որ ունենք, ի զորու է առավել մեծ արդյունավետությամբ համախմբել ժողովրդին եկեղեցու շուրջ, հավատարմության մեջ պահել նրան դեպի հայրերի սրբազան հավատքը եւ հոգեւոր ժառանգությունը: Մենք ավելին ենք ակնկալում եւ ավելին պահանջում մեր եկեղեցականներից»:

Ժողովականներին իր խոսքն ուղղեց նաեւ համագումարի կազմակերպման ընդհանուր պատասխանատու Տ. Նարեկ վրդ. Պերպերյանը` նշելով, որ հոբելյանական տարում հրավիրված այս հավաքը յուրաքանչյուր հոգեւորականի համար կդառնա ուխտի նորոգության, աղոթքով ու խոկումով ինքնաքննության, հավատքի զորացման առիթ:

Ժողովի առաջին օրը մասնակիցներն ունկնդրեցին Տ. Զատիկ վրդ. Ավետիքյանի բանախոսությունը` «Քրիստոսի «Եկայք առ իս» հրավերը յուրաքանչյուրիս համար որպես հիմնաքար մեր սրբազան առաքելության» թեմայով, որից հետո տեղի ունեցան քննարկումներ առաջադրված հարցերի շուրջ:

Համաժողովի աշխատանքները կշարունակվեն մինչեւ հուլիսի 27-ը:

Կիրակի, Հուլիսի 27-ին, Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին, համագումարի մասնակիցները կմեկնեն Գեղարքունյաց թեմ, ուր բաժանվելով առանձին խմբերի, կայցելեն թեմի շուրջ 30 համայնքներ եւ իրենց պատգամն ու օրհնությունը կբաշխեն հավատացյալ ժողովրդին: