Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նոր պապական նվիրակին
Մարտի 19-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Անդրկովկասյան երկրներում նոր պապական նվիրակ` եպիսկոպոս Կլաուդիո Գուջերոտտիին` հայր Զալուսկու ուղեկցությամբ (նստավայրը` Թբիլիսի):
Նորին Սրբությունը ողջունեց եպիսկոպոս Գուջերոտտիի նոր նշանակումը եւ ուրախություն հայտնեց, որ պապական նվիրակը քաջածանոթ է Հայ ժողովրդի պատմությանը, մշակույթին եւ նրա ներկա կյանքին: Վեհափառ Հայրապետը, անդրադառնալով Հովհաննես Պողոս Երկրորդ Պապի` 1700-ամյակի առիթով Հայաստան կատարած այցին, իր գոհունակությունը հայտնեց երկու եկեղեցիների միջեւ առկա եղբայրական հարաբերությունների եւ համագործակցության համար:
Պապական նվիրակը, Վեհափառ Հայրապետին փոխանցելով Հովհաննես Պողոս Երկրորդ Պապի ողջույնները, շնորհակալություն հայտնեց ընդունելության համար եւ վստահեցրեց, որ պիտի աշխատի ըստ ամենայնի իր նպաստը բերել Հայ եւ Կաթոլիկ եկեղեցիների էկումենիկ կապերի առավել սերտացմանը եւ համագործակցության զորացմանը` ի մասնավորի կրթական եւ սոցիալական ասպարեզներում:
Վեհափառ Հայրապետն իր բարեմաղթանքները հղեց Հռոմի Սրբազան Քահանայապետին եւ հաջողություններ մաղթեց նորանշանակ պապական նվիրակին իր առաքելության մեջ: