Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ 01.09.2022

Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական սիրով Մեր օրհնությունն ենք բերում և շնորհավորում բոլոր կրթօջախների սաներին ու մանկավարժներին, կրթության գործում ներգրավված բոլոր պատասխանատուներին։

Սիրելիներ, սկսվում է ևս մեկ ուսումնական տարի` գիտելիքների ամբարման ու արժեքների ճանաչման, հոգևոր ու մտավոր հասունացման, նոր ձգտումների ու ջանադրության ժամանակամիջոց, որը նախաշավիղն է մեր երկրի զարգացման ու առաջադիմության։ Արդարև, իր լուսավոր ապագային նայող ամեն ժողովրդի և հասարակության համար ուսումն ու կրթությունը առաջնահերթ նպատակներ են։ Այդպես է դարերով ընկալել նաև մեր ժողովուրդը՝ նեղություններով լի ժամանակներում անգամ վառ պահելով իմացության ու կրթության ջահը։ Այս համոզումը առավել պիտի առաջնորդի մեզ այսօր, երբ մեր կյանքը խռովված է պատերազմի ծանր հետևանքներով, երբ աշխարհն ալեկոծվում է իրարամերժ ընթացքներով։ Ներկա մարտահրավերների առջև առավել քան անհրաժեշտ է արդիական կրթության ապահովումը՝ խարսխված ազգային և հոգևոր մեր արժեքների վրա, որպեսզի մեր զավակները հարազատ մնան իրենց ինքնությանը և աստվածային պատգամների կենսագործմամբ կառուցեն իրենց կյանքն ու ապագան մեր հայրենիքի։ «Տունը շինվում է իմաստությամբ և հաստատվում խոհեմությամբ, և գիտությամբ շտեմարանները լցվում են ամենայն հարստությամբ ու պատվական բարիքներով» (Առակ․24․ 3-4)։

Մեր աղոթքն ու մաղթանքն է, որ Աստված լուսավոր պահի մեր կրթօջախները, օրհնի մանկավարժներիդ աշխատանքը` կրթելու մեր ժողովրդի արժանավոր զավակներ և պարգևի ձեզ ուժ ու եռանդ ձեր նվիրական առաքելության մեջ։ Սիրելի սաներ, զորացեք ջանասիրությամբ, քաջարթուն մտքով ու հոգով և ձեր ուսուցիչների առաջնորդությամբ ու միասնական ջանքերով ուսումնական տարին առատ դարձրեք արդյունքներով, որոնք պիտի լուսավորեն ձեզանից յուրաքանչյուրի և մեր ողջ ժողովրդի ճանապարհը ու ծառայեն աստվածպարգև մեր հայրենիքի զորացմանն ու առաջընթացին:

Թող Աստված Իր Ամենախնամ հովանու ներքո խաղաղության մեջ առատապես օրհնի ու հանապազ պահպանի մեր հայրենիքն ու ժողովրդին: