Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Ալեքսանդրիայի Պապ Շենուդա Գ-ն ստորագրեցին համատեղ հայտարարություն
Մայիսի 4-ին, երեկոյան Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Ալեքսանդրիայի Պապ եւ Սբ. Մարկոսի Աթոռի Պատրիարք Շենուդա Գ-ն ստորագրեցին համատեղ հայտարարություն` մեկ անգամ եւս հաստատելով երկու եկեղեցիների եղբայրական սերը` հիմնված Սբ. Գրքի եւ Քրիստոսի Եկեղեցու Սրբազան Ավանդության վրա: Երկու հայրապետները խրախուսում են Արեւելյան Ուղղափառ Եկեղեցիների միջեւ փոխհամագործակցությունը, ներգրավումը էկումենիկ շարժման մեջ, կարեւորում միասնական ջանքերը` ընդդեմ քրիստոնեական եկեղեցու առջեւ ծառացած ներկա մարտահրավերների:
Հայտարարության ստորագրումից հետո երկու հովվապետները Մայր Աթոռի միաբանության եւ Գեւորգյան հոգեւոր ճեմարանի սաներից կազմված թափորով առաջնորդվեցին Մայր Տաճար: Իջման Սբ. Սեղանի առջեւ տեղի ունեցավ հրաժեշտի արարողություն, աղոթք բարձրացվեց առ Աստված ի փառս երկու քույր եկեղեցիների շինության եւ առավել զորացման: Ապա` Ամենայն Հայոց Հայրապետը բարի ճանապարհ մաղթեց Ղպտի Եկեղեցու գահակալին:
Մայիսի 5-ի վաղ առավոտյան Շենուդա Գ Պատրիարքը մեկնեց: