Բեռլինում տեղի ունեցավ Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատմանն ու քրիստոնյաներին նվիրված հատուկ միջեկեղեցական աղոթք
Հոկտեմբերի 21-ին, Եվրոպայում Ռեֆորմացիայի 500-ամյակի հոբելյանական տոնակատարությնների շրջանակում Գերմանիա կատարած պաշտոնական այցի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց և ծաղկեպսակ զետեղեց Բեռլինի Կաթողիկե Մայր Տաճարի հարևանությամբ Հայոց Ցեղասպանության նահատակների հիշատակին կանգնեցված խաչքար-հուշարձանին։
Հավարտ Սրբոց Նահատակաց բարեխոսական կարգի՝ Վեհափառ Հայրապետն իր հայրական պատգամն ուղղեց ներկա բեռլինահայ համայնքի հավատացյալ հայորդիներին։ Նորին Սրբությունն իր պատգամի մեջ մասնավորապես ասաց. «…Մենք մեր արդար դատի համար միջազգային ամենատարբեր հարթակներից հնչեցրել ենք Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հարցը։ Գերմանիան մեկն է այն եվրոպական երկրներից, որտեղ, շնորհիվ Հայ Եկեղեցու, ՀՀ դեսպանության և հայ համայնքի համատեղ ջանքերի, պաշտոնապես ճանաչվել ու դատապարտվել է, ի շարս այլ ցեղասպանությունների, նաև Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանությունը։ …Այս հուշակոթող-խաչքարը վառ վկայությունն է սրբոց նահատակաց հիշատակի հանդեպ ձեր հավատարմության։
…Սրբոց նահատակաց բարեխոսությամբ՝ լիահույս ենք, որ Հայոց ցեղասպանությունը պիտի ճանաչվի ու դատապարտվի նաև Թուրքիայի կողմից։ Նահատակաց հիշատակով է, որ մենք այսօր նաև Արցախում և Հայաստանում բարձրաձայնում և պաշտպանում ենք հայ ժողովրդի ազատ ու անկախ ապրելու իրավունքը»։
Բարեխոսական կարգից հետո՝ Ամենայն Հայոց Հայրապետը, Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների պետերի և Գերման-Ավետարանական եկեղեցու եպիսկոպոսաց խորհրդի նախագահ Հայնրիխ եպիսկոպոս Բեթֆորդ-Շտրոմի հետ միասին Բեռլինի ավետարանական Մայր Տաճարում նախագահեց Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատմանն ու քրիստոնյաներին նվիրված հատուկ միջեկեղեցական աղոթքին։
Միջեկեղեցական աղոթքի ավարտին Նորին Սրբությունը Լեռան քարոզի Երանիների ավետարանական տեղի վերաբերյալ իր մտածումները կիսեց ներկա եկեղեցապետերի ու հավատացյալների հետ։
«Աղոթքի այս պահին Մենք գոհունակ սրտով փառք ենք տալիս Աստծուն, որ առիթը շնորհեց մեզ Բեռլինի պատմական այս Մայր Տաճարում համախմբվելու և համատեղ աղոթքով խորհրդածելու աշխարհում քրիստոնեության, ի մասնավորի Մերձավոր Արևելքում մեր քրիստոնյա եղբայրների ու քույրերի վիճակի մասին` իբրև բնաբան ունենալով Տեր Հիսուս Քրիստոսի կողմից մեզ տրված Նոր Օրենքը` «Երանիները» (Մտթ. Ե 2-12): … մտածողությամբ` Երանիներն, ասես, յուրաքանչյուր քրիստոնյայի անձնագիրն են, փաստաթուղթը, որով քրիստոնյան, իր կյանքում ու գործերի մեջ, ճանաչվում է, նույնացվում` իբրև Քրիստոսի հետևորդ: Արևելյան Ուղղափառ Եկեղեցիները, և ընդհանրապես քրիստոնեական ողջ աշխարհը հենց այս հետևողությամբ, Երանիների տված պատգամի լույսի ներքո են կառուցել հավատի իրենց հոգևոր տունը` նմանվել ու օրինակել երկնավոր Վարդապետին` իբրև հոգով աղքատ, իբրև սգավոր, իբրև արդարության քաղցն ու ծարավն ունեցող, իբրև ողորմած, իբրև սրտով մաքուր, իբրև խաղաղարար, և վերջապես` իբրև արդարության ու Տիրոջ անվան համար հալածվող:
… ՜ քույրեր և եղբայրներ, Եվրոպայում Մարտին Լութերի կողմից նախաձեռնված Ռեֆորմացիայի 500-ամյա հոբելյանի տոնախմբությանց շրջագծում մեր հոգևոր մեկտեղման այս պահին, եկեք նախ հոգու աղոթական զգացողությամբ ելնենք Գալիլիայի ծովակին մերձակա Լեռան բարձունքին, ծնկենք Տեր Հիսուսի ոտքերի առաջ. եկեք մրմունջով ու աղոթքի՜ն հատուկ լեզվով այսօրվա մեր եղբայրների ու քույրերի համար նորովի կրկնենք Երանիների պատգամը.
Երանի՜ բոլոր նրանց, ովքեր նյութական ու մարմնական աղքատության մեջ չեն մոռանում հոգևոր հարստության մասին` մշտապես ձգտելով երկնաքաղաքացիության:
Երանի՜ բոլոր նրանց, որ չեն մոռանում տառապյալներին ու հալածվողներին` իրենց սրտով կարեկցելով և իրենց ձեռքերով բարձրացնելով նրանց իրենց դժվարություններից:
Երանի՜ բոլոր նրանց, ովքեր ամեն անձի՜ մեջ են գտնում Աստծուն` մոտենալով Նրան ու իրականություն դարձնելով Տիրոջ պատգամը. «Այս է իմ պատուէրը, որ սիրէք միմեանց, ինչպէս որ ես սիրեցի ձեզ» (Հովհ. ԺԵ 12):
Երանի՜ բոլոր նրանց, ովքեր խաղաղություն են հաստատում աշխարհում` ի խնդիր մարդկային հասարակության մեջ աստվածապարգև արժեքների տարածման ու պահպանման:
Երանի՜ բոլոր նրանց, ովքեր անդադրում աղոթում ու տքնում են քրիստոնյաների միջև միության հաստատման ու աշխարհում կրոնական հանդուրժողականության ամրապնդման համար:
Երանի՜ նրանց, որովհետև նրանք բոլորն էլ Տիրոջ առաքյալներն ու աշակերտներն են, օրինակողները երկնավոր Վարդապետի կյանքի և գործերի:
Երանիների պատգամը, երբևէ և առավել ևս մեր օրերում, չի փոխվել. այն միշտ մեր առաջ բացում է սիրո ու աստվածանմանության ուղին: Մեր օրերում, երբ Մերձավոր Արևելքում, կրոնական անհանդուրժողականության ու բախումների փաստերը դարձել են այնտեղ ապրող անմեղ մարդկանց կյանքի ու առօրյայի անբաժան մաս, երբ կրոնական ատելության հողի վրա սպանություններն ու հալածանքները դարձել են կրոնական ծայրահեղականների գաղափարախոսություն, երբ հազարամյակների կրոնամշակութային արժեքների ոչնչացումն ու քրիստոնեության բնօրաններ հանդիսացող տեղավայրերից իրենց բնիկների բռնի արտագաղթն իրականացվում է կրոնի պատգամների խեղաթյուրված ու եղծված հիմնավորմամբ,Երանիները կրկին ու կրկին մեզ առիթ են տալիս ամենքիս, անկախ կրոնադավանական պատկանելությունից ու քաղաքական հայացքների տարբերությունից, վերանորոգելու մեր պատրաստակամությունը` Տեր Հիսուս Քրիստոսի մատնանշած երանության ու սրբության ուղին համատեղ անցնելու համար», - ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Արարողության ավարտին Նորին Սրբությունն ու Արևելյան Ուղղափառ եկեղեցապետերն իրենց պատվիրակություններով հանդիսավոր թափորով առաջնորդվեցին դեպի ավետարանական Մայր Տաճարի հանդիսությանց սրահ, որտեղ, չորսօրյա պաշտոնական այցելության ծրագրի ավարտին, Գերման-Ավետարանական եկեղեցու բարձրագույն ներկայացուցիչների կողմից, ի պատիվ Արևելյան Ուղղափառ եկեղեցիների նվիրապետերի, տրվեց պաշտոնական ընթրիք: