Ձեռամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բացվեց Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի կացարանային նոր մասնաշենքը
Սեպտեմբերի 7-ին ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բացվեց Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոց կացարանային նոր մասնաշենքը: Բացման արարողությանը ներկա էին բարձրաստիճան հոգևորականներ, ազգային բարերարներ Տեր և Տիկին Գառնիկ և Անահիտ Յակուբյանները, Տիկին Լուիզ Սիմոն Մանուկյանը, Տեր և Տիկին Նազար և Արտեմիս Նազարյանները, Գեղարքունիքի մարզպետ Վահագն Հակոբյանը, Սևանի քաղաքապետ Աշոտ Ալեքսանյանը և բազմաթիվ հյուրեր:
Համալիրի շինարարությունն սկսվել էր դեռևս 1996թ: Ս. Հակոբ մատուռի նախագծի հեղինակը Բաղդասար Արզումանյանն է, իսկ չորս հարկանի ննջարանային մասնաշենքի նախագծողը` Օլեգ Շոկրիևը: Համալիրի վերջնական հարդարանքը կավարտվի 2003թ.:
Նորակառույց շենքի ժապավենի կտրումից հետո կատարվեց Տնօրհնեքի արարողություն` հանդիսապետությամբ Վեհափառ Հայրապետի: Այնուհետև Վազգենյան դպրանոցի տեսուչ Հոգեշնորհ Տ. Բագրատ վրդ. Գալստանյանը հանգամանալից ներկայացրեց շենքի կառուցման պատմությունը` հույս հայտնելով, որ ճեմարանականների կենցաղի պայմանների բարելավումն առավել ևս պիտի խթանի ուսանողների հոգևոր և մտավոր գիտելիքների ամբարմանը:
Գեղարվեստական մասով հանդես եկան Վազգենյան հոգևոր դպրոնոցի սաները: Շենքի կառուցման բարերար Գառնիկ Յակուբյանն իր խորին շնորհակալությունը հայտնեց Վեհափառ Հայրապետին` նշելով, որ ամեն ինչ պիտի անի հայրենիքի զորացման և Հայաստանյայց եկեղեցու շենացման համար:
Վեհափառ Հայրապետն իր խոսքն ուղղեց ներկաներին` անդրադարձ կատարելով դպրանոցի ստեղծման պատմությանը` երախտագիտությամբ հիշելով նախորդ երկու Հայրապետներին, ՀԲԸՄ-ը, որ սիրով ստանձնեցին դպրանոցի հոգածությունը` որպես արդյունք նշելով, որ դպրանոցն ավարտած 50 հոգևորականներ իրենց հովվական ծառայությունն են մատուցում Հայ Եկեղեցու անդաստանում:
Ի գնահատություն Տեր և Տիկին Յակուբյանների Հայ Եկեղեցուն մատուցած ծառայությունների Վեհափառ Հայրապետը նրանց պարգևատրեց 1700-ամյակի շքանշանով:
Վերջում Ս. Հակոբ մատուռում կատարվեց հոգեհանգիստ Յակուբյանների գերդաստանի և համայն հայոց ննջեցյալների համար: