Բացվեց Թրբանճյան ընծայարանի հիմնանորոգված մասնաշենքը
Հունիսի 19-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ Հառիճի վանքում գործող Թրբանճյան ընծայարանի հիմնանորոգված մասնաշենքի բացման արարողությունը: Ընծայարանը վերանորոգվել և գործում է տեր և տիկին Ջերալդ և Փատրիսիա Թրբանճյանների (Լոս Անջելես, ԱՄՆ) ազնիվ բարերարությամբ:
Արարողությանը ներկա էին Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը և Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ, Արթիկի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Նարեկ վարդապետ Ավագյանը, Մայր Աթոռի միաբաններ, Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանը, մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև այս առիթով Հայաստան ժամանած բարերարների զավակներ Լորի Մնչերյանը, Փոլ ու Հարրի Թրբանճյանները և Թրբանճյան ընտանիքի այլ անդամներ:
Այցը Հառիճի ընծայարան սկսվեց հուշատախտակի բացմամբ, որից հետո պատմական վանքի Սուրբ Աստվածածին եկեղեցում Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ մատուցվեց գոհաբանական աղոթք: Տաճարում ներկաներին ողջունեց Արթիկի թեմի առաջնորդական տեղապահը` ուրախությունն արտահայտելով, որ կյանքի է կոչվել Հայոց Հայրապետի երբեմնի տեսիլքը և բարերաների նախանձախնդիր աշխատանքի ու նվիրատվության շնորհիվ եկեղեցին և հարակից շինություններն այլևս վերակենդանացել և ապրում են:
Այնուհետև վանքի շրջափակում հյուրերին ազգագրական երգերի ու պարերի կատարումներով դիմավորեցին Մայր Աթոռի և ՀԲԸՄ-ի հովանու ներքո գործող Երևանի Նոր Նորքի, Արաբկիրի և Գյումրու հայորդյաց տների սաները:
Տարածքում կատարված շրջայցից հետո, Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ, նորոգված մասնաշենքում կատարվեց օրհնության կարգ:
Արարողության ավարտին ամենքին ողջունեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր-կրթական բարձրագույն հաստատությունների վերատեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը: Սրբազանը նշեց, որ հայ ժողովրդի ինքնության պահպանման գործոններից ամենակարևորը կրթված և դաստիարակված սերունդ ունենալն է, ինչին և նպատակաուղղված է եղել Թրբանճյան ընծայարանի հիմնադրումը Հայոց Հովվապետի կողմից 2012 թվականին: Գևորգ Սրբազանն ընդգծեց, որ ընծայարանն արդեն իր արժանի տեղն է գրավել Մայր Աթոռի հոգևոր-կրթական բարձրագույն հաստատությունների շարքում` անցնող տարիների ընթացքում տալով հիսունից ավելի շրջանավարտներ, որոնք համալրել են ինչպես հոգևոր, այնպես և աշխարհիկ կրթօջախները: Երախտագիտություն հայտնելով բարերարների ընտանիքին` վերատեսուչ Սրբազանը շեշտեց, որ նրանք իրենց գործով բարի օրինակ են ծառայում հետագա սերունդներին: Նա վստահեցրեց նաև, որ նորոգված մասնաշենքը լավագույնս կծառայի ընծայարանի կարիքներին:
Այս առիթով իր ուրախությունն արտահայտեց նաև ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը` նշելով, որ շնորհիվ Ամենայն Հայոց Հայրապետի ջանքերի և Թրբանճյան ամոլի առատաձեռնության, այսօր ամենքն ականատեսն են Հայ Եկեղեցու կյանքում կարևոր և պատմական իրադարձության: Վկայելով Թրբանճյան ընտանիքի նվիրյալ կյանքի, հավատավոր ու մարդասեր ոգու, ինչպես նաև Ս. Էջմիածնի նկատմամբ նրանց սիրո մասին` Հովնան արքեպիսկոպոսը նշեց, որ ազգի կյանքն առավել հարատև է դառնում, երբ ուշադրություն է դարձվում ազգի դաստիարակությանն ու կրթությանը: Սրբազանը շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին` ազգօգուտ այս իրագործման` ընծայարանի հաստատման առիթով և մաղթեց, որ Նորին Սրբությունն երկար ու քաջառողջ հովվապետությամբ կյանքի կոչի իր բոլոր երազներն ու սպասումները` ի պայծառություն Հայոց Եկեղեցու և ազգի:
Ամենայն Հայոց Կաթողիկոսին և բարերարների ընտանիքին ողջունեց նաև Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը` կարևորելով կրթական հաստատության դերն ու նշանակությունը մարզի և ողջ Հայաստանի համար: Մարզպետը վստահություն հայտնեց, որ ընծայարանը կշարունակի պատրաստել գիտակ և հայրենասեր երիտասարդներ, որոնք իրենց արժանի ներդրումը կունենան թե՛ հոգևոր, թե՛ աշխարհիկ ասպարեզներում, կսերմանեն ու կօգնեն պահպանել ազգային արժեքները, հավատքը և հայոց ինքնությունը:
Բացման արարողությունն ամփոփվեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնության խոսքով: Նորին Սրբությունը փառք վերառաքեց առ Երկնավոր Տերը, որ Իր շնորհները հեղել է հինավուրց վանական համալիրի վրա, և խորհրդային անաստվածության տարիներից հետո հնամենի տաճարում հավատավոր հայորդիները վերստին կարողանում են իրենց աղոթքը բարձրացնել առ Աստված:
Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ արձանագրեց, որ Ջերալդ և Փատրիսիա Թրբանճյանների աջակցությամբ տարիներ առաջ հնարավոր դարձավ իրագործել վանական համալիրում նաև կրթական կյանքը վերականգնելու ծրագիրը: Հայոց Հովվապետը հաստատեց, որ ընծայարանի կրթական գործունեությամբ հինավուրց վանական համալիրը վերստին կծաղկի ու կպայծառանա, ինչը զարկ կտա նաև վանական կյանքին:
Նորին Սրբությունը ներկաներին տեղեկացրեց, որ ընդարձակ ծրագրի հաջորդ փուլում կկատարվի վանքի նորոգությունը և տարածքի բարեկարգումը, միաժամանակ ընծայարանի համար կկառուցվի նաև հանրակացարանային նոր մասնաշենք` հնարավորություն ընձեռելով ընդարձակել աշակերտների թիվը:
Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը փոխանցեց բարեգործ Թրբանճյան ընտանիքին` դրսևորած հանձնառության ու նախանձախնդրության համար: Վեհափառ Հայրապետն իր օրհնությունը բերեց նաև ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդին, ընծայարանի տեսչությանը և կատարված աշխատանքներին իրենց գործուն մասնակցությունը բերած բոլոր հոգևորականներին և աշխարհականներին:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Պահպանիչ» աղոթքով իր օրհնությունը բաշխեց ներկաներին: