Բացվեց Գևորգյան հոգևոր ճեմարանի 2017-2018 թթ. ուսումնական տարին
Սեպտեմբերի 12-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի 2017-2018 թթ. ուսումնական տարվա բացումը:
Ցերեկույթը սկսվեց միասնական Տերունական աղոթքով, ապա կատարվեց ուսանողների օրհնության կարգ:
Հայաստանի Հանրապետության և ճեմարանի օրհներգերից հետո բացման խոսքով հանդես եկավ Գևորգյան ճեմարանի տեսուչ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը: Հոգեշնորհ Հայր Սուրբը, շնորհավորելով նոր ուսումնական տարվա մեկնարկի առիթով, տեղեկացրեց, որ այս տարվա 48 դիմորդներից Գևորգյան հոգևոր ճեմարան է ընդունվել 18 սան, ևս 18-ը` Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոց:
Անդրադառնալով ճեմարանի դերին ու առաքելությանը`Հայր Սուրբը նշեց, որ այստեղ ձևավորվում է հայ ազգի հոգու ապագա մշակը, որի համար մարդակերտման ու հոգեկերտման կարևորագույն որակ պիտի դառնա մղումը` դարման լինելու բեկյալի սրտին, սփոփանք լինելու կարոտյալի վշտին, հարատև աղոթք ընծայելու տիեզերքի Արարչին, անտարբեր չլինելու կյանքում որևէ երևույթի հանդեպ: «Ի չիք է ամեն գիտելիք և ուսում, եթե այն միտված չէ այլոց կյանքի մեջ բարերար ներդրում ունենալուն, եթե այն ձեռք չի բերվում այն գիտակցումով, որ ամեն պարգև Տիրոջից է և Նրան պիտի դարձվի»,-ընդգծեց Հայր Գարեգինը:
Իր խոսքում Հայր Գարեգինը տեղեկացրեց արձակուրդային շրջանում քարոզչական, հովվական, կրթական և սոցիալական տարբեր ծրագրերում ճեմարանականների ունեցած ակտիվ մասնակցության մասին: ԳՀՃ տեսուչն անդրադարձավ նաև առաջիկա ուսումնական տարում իրականացվելիք մի շարք կրթա-գիտական, հրատարակչական և մշակութային ծրագրերին: Ճեմարանի համար այս տարին նշանակալի է նաև նախորդ տարի հաստատված ասպիրանտական կրթության մեկնարկով:
Հանդիսության ընթացքում կոմիտասյան երգերով հանդես եկավ Գևորգյան հոգևոր ճեմարանի երգչախումբը՝ ղեկավարությամբ բարեշնորհ Արթուր սարկավագ Վարդանյանի: Իսկ Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց միության լարային քառյակի կատարմամբ հնչեց Ա. Վիվալդիի «Տարվա եղանակներ»-ից «Ամառ»-ը:
Հանդիսությունն ամփոփվեց Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով:
Վեհափառ Հայրապետն իր բարեմաղթանքն ու շնորհավորանքները փոխանցեց նոր ուսումնական տարեմուտի առիթով` նշելով, որ այս իրադարձությունն ամեն անգամ նոր հույսեր ու տեսլականներ է ձևավորում, որոնք աղոթքով ու գործով պիտի իրականություն դառնան և արդյունքներ պարգևեն մեր ազգին և Սուրբ Եկեղեցուն:
Անդրադառնալով հոգևորականի կերպարին` Նորին Սրբությունն ընդգծեց, որ Հայոց Եկեղեցին մեծապես կարևորել է և ժողովուրդը մեծարել ազգային կյանքում հավատքով զորեղ, գիտելիքներով զինված, սիրո ու անձնվիրումի ոգով գործող հոգևորականի սպասավորությունը: «Քրիստոսի հավատարիմ սպասավորը չի բնորոշվում սոսկ իր կրած սքեմով, այլ ինքն է արժևորում իր կոչումն ու համազգեստը, արգասավորում իր ստանձնած առաքելությունը, ի սեր Աստծո և ժողովրդի հաղթահարում փորձություններ, համբերությամբ ու ըմբռնումով տանում նաև զրկանքներ և Տիրոջ սերն ու խաղաղությունը սփռում իր հավատավոր հոտի, իր ժողովրդի կյանքում»,- ասաց Վեհափառ Հայրապետը` հավելելով, որ այսպիսի ընկալումով դասախոսները տեսչության գլխավորությամբ պիտի իրականացնեն հոգևորական կրթելու և դաստիարակելու առաքելությունը:
Հայոց Հովվապետը հորդորեց ճեմարանականներին նույն այդ գիտակցությամբ առաջնորդվել իրենց ուսումնառության մեջ` Սուրբ Եկեղեցու արժանավոր մշակ դառնալու` օրինակ ունենալով հայոց լուսավորիչներին, թարգմանիչ վարդապետներին, Նարեկացուն, Շնորհալուն, Կոմիտասին և բազում այլոց, որոնց փառքն ու գործը շողարձակել են հայոց պատմության դարավոր ընթացքում:
Նորին Սրբությունն իր գնահատանքն ու օրհնությունը բերեց տեսչությանը, դասախոսական կազմին և ուսանողներին` մաղթելով, որ Աստծո Աջը հովանի լինի ամենքին և առաջնորդի ուսումնական կյանքի ճանապարհով՝ ապահովելով բարի արդյունքներ:
Բացման հանդիսությունը փակվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի «Պահպանիչ» աղոթքով և Հայրապետական մաղթերգով:
Հանդիսությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների տեսչական ու դասախոսական անձնակազմերը, Գևորգյան հոգևոր ճեմարանի սաները և այլ հրավիրյալներ: