Բացվեց «Էօրնեկեան հանրակրթական դպրոց» հանրակրթական ուսումնական հաստատության նոր համալիրը

Բացվեց «Էօրնեկեան հանրակրթական դպրոց»  հանրակրթական ուսումնական հաստատության նոր համալիրը 14.09.2017

Սեպտեմբերի 14-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ներկայությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ տիար Սերժ Սարգսյանի, տեղի ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկեան հանրակրթական դպրոց» հանրակրթական ուսումնական հաստատության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառմանը ներկա էին դպրոցի բարերար տիար Էդուարդո Էօրնեկյանը, ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձիք, օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, կազմակերպությունների ղեկավարներ, բարերարներ, պատվավոր հյուրեր, դպրոցի ուսուցչական կազմը, աշակերտներ և ծնողներ:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկեան հանրակրթական դպրոց» հանրակրթական ուսումնական հաստատությունը հիմնադրվել է 2009 թ. սեպտեմբերի 1-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից, ազնիվ բարերությամբ Էդուարդո Էօրնեկյանի՝ ի հիշատակ բարերարի ծնողների` տեր և տիկին Փանոս և Սրբուհի Էօրնեկյան ամոլի: 2012 թվականին Վեհափառ Հայրապետի նախաձեռնությամբ և տիար Էդուարդո Էօրնեկյանի հովանավորությամբ սկսվեցին «Էօրնեկեան» հանրակրթական ուսումնական հաստատության նոր շենքի կառուցման աշխատանքները (ճարտարապետ Արտակ Ղուլյան, շինարար Արամայիս Ոսկանյան): Ժամանակակից կրթական պահանջներին համապատասխանող կրթահամալիրն ունի 27 դասասենյակ, 8 լաբորատորիա, ընթերցասրահ, գրապահոց, հանդիսությունների դահլիճ, ճաշասրահ, բուժսպասարկման կենտրոն, ուսուցիչների աշխատանքային խորհրդակցությունների և հանգստի սենյակներ: Ներկայումս դպրոցում գործում են 1-12-րդ թվով 32 դասարաններ՝ 471 աշակերտներով, որոնց դասավանդում են 58 արհեստավարժ և հմուտ մանկավարժներ:

Դպրոցի մուտքի առջև Ամենայն Հայոց Հայրապետին, ՀՀ նախագահին և բարերարին դիմավորեցին շեփորահարներն ու թմբկահարները, ապա երկու էօրնեկյանցիներ նրանց մատուցեցին աղ ու հաց, որից հետո սկսվեց բացման պաշտոնական արարողությունը:

Դպրոցի երգչախմբի կատարմամբ հնչեց Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը, որի ներքո բարձրացվեցին ՀՀ և Հայրապետական դրոշները:

Դպրոցի սաներ Գոռ Հարությունյանի (10-րդ դասարան) և Գոհար Աղաջանյանի (11-րդ դասարան) ողջույնի խոսքերից հետո կատարվեց «Հրաշափառ» շարականը, որով և սկսվեց դպրոցի նորակառույց շենքի օրհնության կարգը` նախագահությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի:

Արարողության ավարտին Նորին Սրբությունը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց բարերար Էդուարդո Էօրնեկյանին, ապա Վեհափառ Հայրապետը և բարերարը հատեցին դպրոցի մուտքի ժապավենը:

Այնուհետև տեղի ունեցավ շրջայց դպրոցում: Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն, դպրոցի հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը Նորին Սրբությանը, ՀՀ նախագահին և բարերարին ներկայացրեց կրթական գործընթացի արդյունավետ կազմակերպմանը, գեղագիտական և բարոյական դաստիրակության զարգացմանը նպաստող` դպրոցում ստեղծված պայմանները: Բարձրաստիճան հյուրերն այցելեցին ժամանակակից տեխնիկայով հագեցած լսարանները, սարքերով և անհրաժեշտ նյութերով կահավորված առարկայական` քիմիայի, կենսաբանության, ֆիզիկայի, ինֆորմատիկայի լաբորատորիաները, լինգաֆոնային դասասենյակը, որոնք ամուր հիմք են ստեղծում խոր և կայուն գիտելիքներ, հմտություններ և կարողություններ ձեռք բերելու համար:
Շրջայցից հետո նորակառույց շենքի դահլիճում տեղի ունեցավ հանդիսություն:

«Էօրնեկեան» դպրոցի օրհներգից հետո ներկաներին իր խոսքն ուղղեց Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը: «Կառուցելով դպրոց՝ մենք կառուցում ենք բանակ, կառուցում ենք վանք ու եկեղեցի, կառուցում ենք տնտեսություն և հիմքն ենք դնում առողջ ընտանիք կառուցելու նախաքայլին, որը հայորդիներիս համար եղել է սրբազան պարտավորություն, որը չի սահմանափակվել միայն նյութական հասկացողությամբ, այլև հոգևոր և իմացական կառուցումով, որով ապահովել ենք մեր ազգի գոյությունն ու հարատևությունը:

Հայ կյանքի կենտրոնը միշտ եղել և մնում է մարդը ու նրա կրթական նկարագիրը: Ազգային հայ դպրոց կառուցելով` մեր հավատն ենք կառուցում՝ մեր զավակների միջոցով հավիտենականացնելով հայի տեսակի ինքնության ամբողջական նկարագիրը. այն դպրոցը, որը ոսկեդարից մինչև մեր ժամանակները մեզ երբեք չդավաճանած հավատի հիմնասյունն ու ճշմարտության լուսաճառագ աղբյուրն է եղել», - ասաց Վարդան Սրբազանը` ընդգծելով, որ դպրոցական սեղանի ետևում սովորած ճշմարիտ արժեքներն են, որ մեր ազգի մեծերին սխրանքների են ուղղորդել:

Ապա ներկաները դիտեցին «Շողակաթ» հեռուստաընկերության պատրաստած ֆիլմը դպրոցի հիմնադրման, արձանագրած հաջողությունների և նոր ժամանակակից համալիրի կառուցման մասին:

Դպրոցի բացման առիթով իր խոսքն ասաց նաև ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը` նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը ստանում է շատ գեղեցիկ նվեր, որը կարող է լուրջ դերակատարություն ունենալ տարածաշրջանում և Հանրապետությունում մեծ ծրագրերի իրականացման գործում: ԿԳ նախարարը շնորհակալություն հայտնեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին` կրթական համակարգի կողքին և նրան մասնակից լինելու, ինչպես նաև Վեհափառ Հայրապետին` կրթության նկատմամբ դրսևորվող հոգածության համար: Պրն. Լևոն Մկրտչյանը նաև իր երախտագիտությունը հայտնեց ազգային բարերարին երկրի սրտում` Սուրբ Էջմիածնում, հրաշք դպրոցը ստեղծելու առիթով` հավելելով, որ դա, իսկապես, օրինակ կարող է դառնալ շատ և շատ այլ բարերարների համար:

Երախտագիտության խոսք ասաց նաև դպրոցի տնօրեն տիկին Սուսաննա Վարդանյանը, ապա երգչախմբի կատարմամբ հնչեցին «Ես իմ անուշ Հայաստանի» և «Աշխարհն առանց պատերազմների» երգերը:

Հանդիսությունն ամփոփվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով:

«Տոնական օր է այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Աշակերտներին և մանկավարժներին ընդունելու համար իր դռներն է բացում Էօրնեկյան դպրոցի նորաշեն, մեծ ու գեղեցիկ այս շենքը: Կրթօջախն այսուհետ կգործի մայրավանքի տարածքում, որտեղից և սկիզբ է առել հայկական գիրն ու դպրությունը:

Մեր Եկեղեցին սկզբնավորման օրից ի վեր առանձնակի ուշադրություն է դարձրել ուսմանն ու գիտությանը, որպեսզի մեր ժողովրդի լուսավորված միտքն ու հոգին ճանաչի աշխարհը և նրա Արարչին: Եկեղեցին և դպրոցը մեր կյանքի դիմագիծն են: Ամենուրեք, որտեղ էլ ապրել է մեր ժողովուրդը, առաջին գործ որպես՝ կառուցել է լուսավորության այս օրրանները, որոնք եղան նաև ազգապահպանման կենսական աղբյուր և ապահով պատվար:

Այսօր՝ տիեզերքի ճանաչողության, գիտատեխնիկական աննախադեպ նվաճումների մեր օրերում, անհրաժեշտ է, որ մարդկությունը հետ չմնա նաև հոգևոր կյանքի օրենքները ճանաչելու մեջ, այլապես կույր սիրտը դեպի ո՞ւր պիտի առաջնորդի մեր դարի գերունակ մարդու կարողությունները: Առաքյալը պատվիրում է՝ «ճանաչեք Քրիստոսի սերը, որ գերազանց է, քան ամեն գիտություն» (Եփ. 3.19), քանզի չար բան չի խորհում և չարը չի գործում:

Մեր զավակներին բարու մեջ հաստատելու, հոգևոր արժեքներով սնուցանելու և ամեն անհրաժեշտ գիտելիքները փոխանցելու գործում անփոխարինելի է մնում դպրոցի դերը, որտեղ երեխաները անցկացնում են իրենց կյանքի կարևոր շրջանը՝ ուսման ու հասունացման ավելի քան մեկ տասնամյակ:

Աճող սերնդի նկարագրի հիմերը, արդարև, պիտի կառուցենք ժայռի վրա, որը, ինչպես մեր Տերը օրինակ բերեց, կանգուն է մնում հողմերի ու հորձանքների հանդիման, որպեսզի նրանք կարող լինեն դիմակայելու դժվարություններին և ունենան ներուժը արարելու, կյանքը բարեփոխելու և զարգացնելու: Այսօր գնահատանքով ենք արձանագրում, որ Էօրնեկյան դպրոցի պատասխանատուները և մանկավարժները, աջակցությամբ մեր Եկեղեցու Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի, ջանում են կրթել համակողմանի զարգացած, հոգևոր-բարոյական արժեքներ ունեցող անհատներ, պատասխանատու զավակներ մեր ժողովրդի և հայրենիքի համար: Սերը սաների նկատմամբ և ուսման մեջ պահանջկոտությունը պայմանավորել են այն հաջողությունները համապետական օլիմպիադաներում, միջազգային մրցույթներում, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, մշակութային փառատոներում, որոնք գրանցել են, և հավատում ենք, պիտի շարունակեն ձեռք բերել մեր դպրոցի սաները:

Աստավածաշունչը մեզ ուսուցանում է. «Ով սիրում է իր որդուն, նրանից օգուտ կտեսնի և ծանոթների մեջ նրանով կպարծենա» (Սիրաք 30.2). արդարև, սիրելի սաներ Էօրնեկյան դպրոցի, դուք ձեր աշխատասիրությամբ ու ժրաջանությամբ այդ երանությունը պիտի շնորհեք Մեզ, հարգարժան պրն. Էօրնեկյանին, որպեսզի աստվածաշնչական վկայությամբ՝ պարծենանք ձեզանով, ոչ միայն մենք, այլև՝ ամենքը, նաև օգտակար լինեք մեր երկրին՝ այս դպրոցից ձեր ստացած մեկի փոխարեն բերելով երեսուն, վաթսուն և հարյուր արդյունք», - ասաց Վեհափառ Հայրապետը:

Նորին Սրբությունը վերհիշեց, թե ինչպես ազգային բարերար Էդուարդո Էօրնեկյանը մեծ հոգածությամբ ստանձնեց դպրոցի հովանավորությունը` հանձն առնելով նաև նոր շենքի կառուցումը: Աղոթք բարձրացնելով Փանոս և Սրբուհի Էօրնեկյանների հոգիների հանգստության համար` Հայոց Հայրապետը նշեց, որ տիար Էդուարդո Էօրնեկյանի ծնողասիրությունը, հայրենասիրությունը, ազգային ու հայրենական կյանքում բարեգործությունները, անձնական հաջողությունները լավագույն օրինակ են դպրոցի սաների և բոլոր հայորդիների համար:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց պետական ավագանու ներկայացուցիչներին ՀՀ նախագահի գլխավորությամբ, հյուրերին և դպրոցի բոլոր բարեկամներին: Խորին շնորհակալության զգացումներով Վեհափառ Հայրապետն իր լավագույն մաղթանքները բերեց տիար Էդուարդո Էօրնեկյանին, նրա ընտանյաց անդամներին, նրան գործակից անձնակազմին, որոնց ջանքերի շնորհիվ հնարավոր դարձավ իրագործել այս ամենը:
Նորին Սրբությունն իր հայրական օրհնությունն ու գնահատանքը փոխանցեց նաև դպրոցի տնօրենին, անձնակազմին, հոգաբարձուների խորհրդի անդամներին, ծնողներին, աշակերտներին և Մայր Աթոռի բոլոր այն կառույցներին, ովքեր իրենց ներդրումն են ունեցել դպրոցի կայացման, նաև՝ նոր շենքի կառուցման գործում:

Գարեգին Բ Հայրապետը հայցեց Բարձրյալն Աստծուն խաղաղության մեջ պահպանել հայրենիքն ու ժողովրդին, լուսավոր պահել հայոց կրթօջախները, պայծառ՝ Առաքելական Սուրբ Եկեղեցին:

Վերջում դպրոցի բակում կատարվեց ծառատունկ: Վեհափառ Հայրապետը, ՀՀ նախագահը և Էդուարդո Էօրնեկյանը տնկեցին մշտադալար եղևնիներ` ի նշանավորումն դպրոցի նոր շենքի բացման:

«Էօրնեկեան հանրակրթական դպրոց» հանրակրթական ուսումնական հաստատության նոր կրթահամալիրի բացման արարողությունն ավարտվեց էօրնեկյանցի աշակերտների շուրջպարով: