Բանակի օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվեց Ս. Պատարագ
Հունվարի 28-ին` Բանակի օրվա առիթով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը:
Սրբազան արարողությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, ՀՀ ԶՈՒ բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչներ, ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդության գնդերեցներ ու զինվորներ:
Իր քարոզում Վարդան Սրբազանն անդրադարձ կատարեց Հայոց բանակի կազմավորման տոնին: «Այսօր Աստծու կամքով մենք հիշատակում ենք 26 տարիներ առաջ հայոց ազատատենչ ոգու, ազատ խոսքի, ազատ ապրելու ոգու այդ բռնկումի հիշատակումը՝ Հայոց բանակի հիմնադրության օրը: Տոնախմբում ենք միասին, որովհետև Հայոց բանակը կազմվեց այն զավակների կողմից, ովքեր որ գնացին պաշտպանելու իրենց հոգևոր և նյութական հայրենիքը, ովքեր գնացին իրենց քրիստոնեական սխրանքը, քաջության ոգին դրսևորելու ընդդեմ թշնամու բոլոր տեսակի հարձակումների: Եվ այնպես, ինչպես Ս. Հաղորդության խորհուրդը մեզ պաշտպանում է չարի բոլոր նետերից և հարձակումներից, այդպես էլ մեր ազգի զավակներն իրենց ոգու տոկունությամբ և քաջությամբ ծնեցին հայ ազգի հերոսական պատմության էջը:
Հերոսությունը, սիրելիներ, առանց քաջության ոգու և քրիստոնեական սխրանքի անիմաստ է: Այն միայն, եթե բանակի պարագայում վերլուծենք, մարդասպանության և չարիքի գործիք է, բայց եթե այն նպատակաուղղված է հայ ընտանիքի, հայ արժեքի ու մշակույթի, Հայ Եկեղեցու, հայի տեսակի պաշտպանության ու պահպանության, ուստի օրհնված է քրիստոնեական Եկեղեցու կողմից, օրհնված է Հայ Եկեղեցու կողմից, և մշտապես մենք՝ ամենքս, պարտականություն և պարտավորություն ունենք այդ հավիտենական խաղաղության ջանքի ու ճիգի մեջ աղոթելու մեր այսօրվա նյութական և հոգևոր հայրենիքի խաղաղ ու ստեղծագործ ապրելու իրավունքը պաշտպանող յուրաքանչյուր հայորդու համար:
Այսօր մենք տոնախմբում ենք ոչ թե ուրախանալով և սին հպարտություն տածելով, թե մենք որպես վերանկախացյալ հայրենիք ունենք հզոր բանակ, օր ավուր ամուր իմաստությամբ լցվող և հզորացող հրամանատարական ու զինվորական պատասխանատու կազմ, այլ մանավանդ այսօր յուրաքանչյուրս պետք է աղոթենք Տիրոջ հետ հաղորդության մեջ լինելու, պետք է աղոթենք մեր հայրենիքի պաշտպանության գործի առաքելությունը ստանձնած յուրաքանչյուր հայորդու համար», - նշեց Սրբազան Հայրը:
Ս. Պատարագի ընթացքում՝ Միածնաէջ Մայր Տաճարի Ավագ խորանի վրա, հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի, կատարվեց Հանրապետական մաղթանք:
Հոգևոր դասը և արարողությանը ներկա ժողովուրդը աղոթք բարձրացրեցին Երկնավոր Տիրոջը` հայցելով խաղաղ ու անվրդով պահել Հայոց աշխարհը և ապավեն լինել ու զորացնել Հայոց բանակի արիասիրտ սպաներին ու զինվորներին իրենց նվիրական կոչման մեջ: