Արքության պատիվ
Հունիսի 4-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսավորապես տոնախմբվեց Հոգեգալստյան տոնը: Պատարագիչն էր Տ. Եփրեմ աբեղա Սարգիսյանը:
Տոնը հատկանշվեց նաեւ մեկ այլ ուրախալի իրադարձությամբ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական օրհնությամբ արքության պատիվ շնորհվեց Մայր Աթոռի Հրատարակչական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Եզնիկ եպիսկոպոս Պետրոսյանին եւ Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ եպիսկոպոս Կճոյանին` ի գնահատություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու անդաստանում իրենց անմնացորդ ծառայության եւ տարիների վաստակի:
Թող Տերը Իր հանապազ օրհնությամբ օգնական եւ աջակից լինի Գերաշնորհ Եզնիկ եւ Նավասարդ Արքեպիսկոպոսներին, պարգեւի քաջառողջ կյանքի երկար տարիներ եւ հոգու անսպառ կորով` հարանորոգ հաջողություններով պսակազարդելով իրենց ծառայությունը` ի պայծառություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու: