Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունեց Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարին
Սեպտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանին՝ ուղեկցությամբ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի։
Նորին Սրբությունն իր գնահատանքը բերեց նախարարին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցող միջազգային համաժողովին իր մասնակցությունը բերելու համար, որով հնարավորություն է ընձեռնվում ժողովականներին համապարփակ ներկայացնելու Արցախի առջև ծառացած ներկայիս մարտահրավերները և հիմնախնդիրները։ Վեհափառ Հայրապետը տեղեկացրեց նախարարին, որ այս շրջանում Քույր Եկեղեցիների ներկայացուցիչները ևս համապատասխան աշխատանքներ են իրականացրել միջազգային ատյաններում բարձրաձայնելու Ադրբեջանի ոտնձգություններն Արցախի և Հայաստանի Հանրապետության դեմ։
Հանդիպմանը Նորին Սրբությունը նշեց նաև, որ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղարին և Եվրոպական եկեղեցիների համաժողովի նախագահին տեղեկացվել է Մայր Աթոռի կողմից Արցախի հոգևոր-մշակութային արժեքների պահպանման գործում իրականացվող աշխատանքների մասին։
Նախարար պարոն Դավիթ Բաբայանն իր խոսքում ընդգծեց, որ Արցախը մշտապես զգացել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու աջակցությունը և մեծապես կարևորել ու գնահատել այն։ Վերջինս նաև ընդգծեց նման համաժողովների կազմակերպման կարևորությունը, որոնց միջոցով հնարավոր է Արցախն առավել ճանաչելի դարձնել միջազգային տարբեր հարթակներում։