Արգենտինայի ՀԲԸՄ Տիկնանց միության անդամները այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Հոկտեմբերի 1-ին Արգենտինայի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Տիկնանց միության անդամները` գլխավորությամբ միության ատենապետուհի Մարթա Էմիրյանի, այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
Միության անդամները հանդիպում ունեցան Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի հետ:
Սրբազան Հայրը, հյուրերին փոխանցելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույններն ու օրհնությունը, անդրադարձավ Տիկնանց միության կարևոր դերակատարությանը Արգենտինայի համայնքային կյանքից ներս, մասնավորապես օգտաշատ գործունեությանը` ի նպաստ ապագա սերունդների հայեցի դաստիարակության, հայկական ինքնության և հայոց լեզվի պահպանման:
Այնուհետև Նաթան Սրբազանը խոսեց Սփյուռքի համայնքների առջև ծառացած խնդիրների, մարտահրավերների և դրանց հաղթահարման ուղիների մասին: Այս առնչությամբ մեծապես կարևորվեց Հայոց Եկեղեցու առաքելությունը Սփյուռքում:
Վերջում Նաթան Սրբազանը, իր գնահատանքը հայտնելով Տիկնանց միության անդամներին, մաղթեց Ամենակալ Աստծո պահպանությունն ու առաջնորդությունը և արգասաբեր գործունեություն Արգենտինայի հայկական համայնքներում:
Ավարտին միության անդամները մասնակցեցին Սուրբ Պատարագի արարողությանը, այցելեցին Մայր Աթոռի թանգարաններ:
Նույն օրը Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանն ընդունեց նաև Վիեննայի Պեռխդոսելդորֆի կաթոլիկ համայնքի ուխտավորներին՝ գլխավորությամբ համայնքի հոգևոր հովիվ Հայր Յոզեֆ Գրյունվիդելի: