Արարատյան շաբաթ
2017 թ. հունիսի 12-18-ը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցում Արարատյան շաբաթն է: Հոգեգալստի տոնից մեկ շաբաթ հետո` Եղիա մարգարեի հիշատակության կիրակիին հաջորդող երկուշաբթի օրվանից սկսվում է Արարատյան շաբաթը: Ամբողջ շաբաթվա տոները բովանդակող իրադարձությունները տեղի են ունեցել Արարատյան դաշտում, որտեղից էլ առաջացել է շաբաթվա անվանումը:
Ազգային-եկեղեցական հիանալի տոներով լեցուն այս շաբաթը խորհրդանշում է հայոց դարձն ու քրիստոնեական հավատքի հաղթանակը հեթանոսական կռապաշտության դեմ:
Սուրբ Թադեոս եւ Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների ցանած հավատքի սերմերը ոռոգվեցին սրբուհիների՝ Հռիփսիմեի, Գայանեի, Մարիանեի եւ նրանց երեք տասնյակից ավելի նահատակ ընկերուհիների սուրբ արյամբ: Սրա շնորհիվ է, որ աճեցին հավատքի առաջին ծաղիկները, որոնք աննկուն նվիրումով ու հրաշքներ գործելու չափ հզոր հավատքով կարողացավ աճեցնել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետը: Սրբերի բարեխոսությամբ եւ Սուրբ Լուսավորչի աղոթքներով Հայոց Աշխարհը լուսավորվեց Քրիստոս Որդու լույսով՝ Քրիստոսին ընդունող առաջին ազգը դառնալով: Եւ որպես նշան հավատքի եւ առ Աստված հայոց ուխտի՝ Հայոց Հայրապետի տեսիլքով եւ Աստվածային ցուցմամբ վեր խոյացավ Քրիստոսի հավատքի առաջին տունը՝ Սուրբ Էջմիածինը, որն իր թևերի ներքո միավորում է աշխարհի բոլոր հայերին և իրավամբ կոչվում հայոց հոգևոր մայրաքաղաք, Հայոց Երուսաղեմ: