Ավարտվեց Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Բ-ի այցը Մայր Աթոռ Սբ. Էջմիածին

Ավարտվեց  Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Բ-ի այցը Մայր Աթոռ Սբ. Էջմիածին 10.05.2003

Մայիսի 9-ին ավարտվեց Վրաց Ուղղափառ Եկեղեցու պետ, Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Բ-ի եռօրյա այցը Մայր Աթոռ Սբ. Էջմիածին:

Առավոտյան երկու եկեղեցիների հովվապետերն այցելեցին Եռաբլուր` հարգանքի տուրք մատուցելու հայրենյաց պաշտպանության համար զոհված ազատամարտիկների հիշատակին եւ ծաղկեպսակներ դնելու Անհայտ Զինվորի գերեզմանին: Եռաբլուրում երկու Հայրապետների հանդիսապետությամբ կատարվեց հոգեհանգստյան արարողություն: Այնուհետեւ հովվապետերն եկեղեցականների ուղեկցությամբ մեկնեցին Հաղթանակի այգի, ուր ծաղկեպսակներ զետեղեցին Անհայտ Զինվորի հուշակոթողին:

Արարողություններին ներկա էին Ազգային Ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանը, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, Սահմանադրական Դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ բարձրաստիճան պետական այրեր եւ զինվորականներ:

Նույն օրը հետմիջօրեին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում տեղի ունեցավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Վրաց Ուղղափառ Եկեղեցու պետ, Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Բ-ի համատեղ ասուլիսը: Երկու եկեղեցիների պետերը պատասխանեցին լրագրողների հարցերին` լուսաբանելով Հայոց եւ Վրաց եկեղեցիների ներկայիս հարաբերությունները, վերաբերմունքը աղանդավորական շարժումների նկատմամբ, ինչպես նաեւ եկեղեցիների դերը հասարակության բարոյական նկարագրի եւ խաղաղ կյանքի կերտման գործում:

Մամլո ասուլիսից հետո երկու Հայրապետները հանդիսավոր թափորով առաջնորդվեցին Մայր Տաճար, ուր Իջման Սբ. Սեղանի առջեւ կատարվեց հրաժեշտի արարողություն: Արարողությունից հետո Վրաց Ուղղափառ Եկեղեցու պետը մեկնեց: