Ավարտվեց ԵՀԽ իններորդ համագումարը
Փետրվարի 23-ին Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի իններորդ համագումարն ավարտեց իր աշխատանքները:
Համագումարի մասնակիցները ընդունեցին առաջիկա յոթ տարիների ԵՀԽ գործունեության ռազմավարությունը եւ ծրագիրը, հանդես եկան ընդհանուր ուղերձով: Համաժողովը կատարեց վեց հայտարարություններ` առնչված Լատինական Ամերիկային, պաշտպանության պատասխանատվությանը, ՄԱԿ-ի վերափոխմանը, ջրի խնդիրներին, ահաբեկչությանը, մարդու իրավունքներին ու հակաահաբեկչությանը, ինչպես նաեւ միջուկային զենքների վերացմանը:
Նախ ընտրվեցին ԵՀԽ ութ նախագահները, որոնք ներկայացնում են քրիստոնեական եկեղեցիների բոլոր ընտանիքները: Հին Արեւելյան Եկեղեցիների ընտանիքից նախագահ ընտրվեց Եթովպիայի Ուղղափառ Եկեղեցու պատրիարք Աբունա Պաուլոսը:
Նույն օրը գումարվեց նորընտիր կենտրոնական կոմիտեի անդրանիկ նիստը, որի ընթացքին ընտրվեցին ԵՀԽ-ի դիվանը եւ գործադիր վարչությունը: Որպես ԵՀԽ-ի ատենապետ ընտրվեց Բրազիլիայի Լյութերական եկեղեցու նախագահ դոկտ. Վալտեր Ալթման եպիսկոպոսը, փոխատենապետեր` Սասիմայի միտրոպոլիտ Գեննադիոսը (Կոստանդնուպոլսի Տիեզերական պատրիարքություն) եւ տիկ. Մարգարիտ Հանդրիկ-Ռայրիմասեն (Ինդոնեզիայի Մոլուկկասի բողոքական եկեղեցի): 20 անձանցից բաղկացած գործադիր վարչության մեջ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուց ընտրվեց Գերաշնորհ Տ. Վիգեն եպիսկոպոս Այքազյանը: