Ավարտվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
Նոյեմբերի 8-13-ը, նախագահությամբ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ընդլայնված կազմով:
Ժողովի նիստերը վարեցին Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:
Ժողովին հրավիրված էր մասնակցելու Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ Պերճ Սեդրակյանը։
Գերագույն հոգևոր խորհուրդն անդրադարձավ արցախյան պատերազմի հետևանքներին և դրանց հաղթահարման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Այս առումով Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ներկայացրեց Արցախում տիրող իրավիճակը և առկա մարտահրավերները՝ ի մասնավորի կարևորելով հոգևոր, հոգեբանական և հումանիտար աջակցությանն ուղղված ծրագրերի իրականացումը։ Առաջնորդ Սրբազանը կարևորեց նաև Հայաստանից դեպի Արցախ պարբերաբար ուխտագնացությունների կազմակերպումը։ Վրթանես Սրբազանը անդրադարձավ Արցախի թեմում սպասավորող քահանաների սոցիալական և հովվական ծառայությանը, ընդգծելով այդ առաքելության կարևորությունն ի նպաստ Արցախի մեր ժողովրդի հոգևոր կյանքի զորացման։
Ժողովին քննության առնվեցին նաև Մայր Տաճարի հիմնանորոգության և ամրակայման աշխատանքները, որոնց վերաբերյալ տեղեկություններ փոխանցեց Մայր Աթոռի վանական խորհրդի ատենապետ և լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: Գերագույն հոգևոր խորհրդի անդամները ծանոթացան նաև տաճարի նորոգության ժամանակ ի հայտ եկած խնդիրներին: Տեղեկացվեց, որ, նկատի ունենալով վերականգնման և բարեկարգման աշխատանքների ընդհանուր ծավալը և առաջացած նոր խնդիրները, Մայր Տաճարի հիմնանորոգության աշխատանքները հնարավոր կլինի ավարտին հասցնել 2022 թվականին:
Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Ա Պատրիարքի և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեի հետ հոկտեմբերի 13-ին Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանն անդրադարձավ Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպումները կարևոր ձևաչափ են արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման և հետպատերազմյան շրջանում առաջացած մարտահրավերները հաղթահարելու գործում։ Սրբազան Հայրն անդրադարձ կատարեց եռակողմ հանդիպման ընթացքում Վեահափառ Հայարապետի կողմից բարձրացված խնդիրներին և կարևորեց Նորին Սրբության ներդրած ջանքերը՝ ուղղված ռազմագեիների վերադաձին, Արցախի անվտանգությանը, մշակութային կառույցների ու սրբավայրերի պահպանությանը։
Ժողովի օրակարգում ընդգրված էր նաև հետպատերազմյան և համաճարակային պայմաններում եկեղեցու առաքելության իրագործմանն ուղղված ծրագրերը։ Թեմայի շուրջ զեկույցներ ներկայացրեցին Արևելյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ, Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Դանիել եպիսկոպոս Ֆընտըգյանը։ Ժողովականները, քննության առնելով հետպատերազմյան և համաճարակային իրավիճակում առկա մարտահրավերները, մասնավորաբար կարևորեցին սոցիալական ու կրթական ծրագրերի զորացումը և մատաղ սերնդի հոգևոր դաստիարակությունը։ Թելադրվեց, որ այս ուղղությամբ իրականացվող ծրագրերն էլ ավելի ընդգրկուն պետք է դարձնել և թեմերի ու եկեղեցական համայքների կողմից հատուկ ուշադրության արժանացնել։
Քննարկվեցին նաև Եկեղեցու կանոնական ու հովվական կյանքին, կարգապահական ու իրավական հարցերին, կրթական ու սոցիալական ծրագրերին և Եկեղեցու առաքելության արդյունավորմանն առնչվող հարցեր: