Ավարտվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
Մայիսի 17-18-ին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդարանում Գերագույն հոգևոր խորհուրդը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ, շարունակեց իր աշխատանքը։
Ժողովի մնացյալ նիստերն ատենապետեց ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը:
Ժողովին Գերագույն հոգևոր խորհուրդը քննարկեց Ազգային-եկեղեցական ժողովի՝ 1945 թվականին գործադրության մեջ դրված կանոնադրության լրամշակված նախագիծը։ Այս առնչությամբ զեկույց ներկայացրեց Կանոնադրությունների մշակման հանձնախմբի անդամ իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը։ Լուսաբանություններ տրվեցին նաև հանձնախմբի անդամ, Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի կողմից։
Հանգամանալից քննությունից հետո Գերագույն հոգևոր խորհուրդն ընդունեց կատարված աշխատանքը և թելադրեց Վեհափառ Հայրապետի օրհնությամբ հաստատված նախագիծը ներկայացնել հունիս ամսին գումարվելիք Եկեղեցական-ներկայացուցչական ժողովին։
2017 թ. հունիս 6-9-ը Մայր Աթոռ Ս․ Էջմիածնում կայանալիք Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի նախապատրաստական աշխատանքների մասին տեղեկություններ հաղորդեց ժողովի կազմակերպիչ հանձնախմբի պատասխանատու Գերաշնորհ Տ․ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։ ԳՀԽ անդամները, գնահատանքով ընդունելով կատարված աշխատանքը, նաև իրենց թելադրությունները կատարեցին ժողովի առնչությամբ։
Ժողովին զեկույցով հանդես եկավ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքական տեղապահ Գերաշնորհ Տ․ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը՝ ներկայացնելով Պատրիարքությունում տիրող բարդ իրավիճակը։ Գերագույն հոգևոր խորհուրդը մտահոգություն հայտնեց Հայոց Պատրիարքությունում ստեղծված կացության առնչությամբ, երբ պատրիարքական ընտրյալ տեղապահը հնարավորություն չունի ձեռնամուխ լինելու իր պարտականությունների իրականացմանը։ Գերագույն հոգևոր խորհուրդը զորակցություն հայտնեց Պատրիարքական տեղապահին՝ հորդոր ուղղելով, որպեսզի Պատրիարքության հոգևոր դասի և ազգայինների հետ գործակցության խաղաղ մթնոլորտի մեջ ջանքեր ներդրվեն պետական պատկան կառույցների հետ բարվոք լուծումներ գտնելու ստեղծված կացությանը։
Անդրադարձ կատարելով այս գործընթացում Տ․ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի դրսևորած կեցվածքին՝ Գերագույն հոգևոր խորհուրդն անհրաժեշտ համարեց հորդորել նրան, առաջնորդվելով Հայ Եկեղեցու կարգերով և կանոններով, զորավիգ լինելու Պատրիարքական ընտրյալ տեղապահին և ձեռնարկելու անհրաժեշտ քայլերը՝ Պատրիարքության բնականոն կյանքի վերականգնման համար։
Գերագույն հոգևոր խորհուրդը քննության առավ նաև 2018 թվականին Երիտասարդության տարվա տոնախմբությունների հետ առնչված ծրագրերը։ Դեռևս 2016 թվականի ԳՀԽ նյույորքյան ժողովի ժամանակ որոշում էր կայացվել 2018 թվականը հռչակել իբրև Երիտասարդության տարի։
Այս կապակցությամբ տարվող աշխատանքների մասին զեկույց ներկայացրեց Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը։ Տեղեկացվեց, որ այդ տարում առանձին տարածաշրջաններում նախատեսվում են երիտասարդական հավաքներ ու միջոցառումներ, հուլիս ամսին աշխարհասփյուռ թեմերի երիտասարդների մասնակցությամբ կկազմակերպվի նաև եռօրյա մեծ ուխտագնացություն դեպի Հայաստան և Մայր Աթոռ Ս․ Էջմիածին։ Եռօրյա հավաքը կավարտվի Հայրապետական Ս․ Պատարագով։
ԳՀԽ եռօրյա ժողովի ավարտին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի մասին զեկույց ներկայացրեց թեմակալ առաջնորդ Տ․ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը՝ երախտագիտություն հայտնելով Ամենայն Հայոց Հայրապետին՝ Գերագույն հոգևոր խորհրդի հերթական նիստը Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում անցկացնելու համար։
Եզրաս Սրբազանը, համառոտ պատմական ակնարկ կատարելով Ռուսաստանում հայոց թեմի հաստատման մասին, ներկայացրեց թեմի ներկայիս գործունեությունը։ Սրբազան Հոր առաջնորդության տարիներին թեմում գրանցվել է 83 ծուխ, գործող եկեղեցիների թիվը 7-ից հասցվել է 41-ի, հոգևոր սպասավորների թիվը 8-ից բարձրացվել է 34-ի։ Կառուցման ընթացքի մեջ է 15 եկեղեցի, որոնցից 9-ի օծումն ու հանդիսավոր բացումը նախատեսվում է կատարել 2017 թվականին` թեմի հիմնադրման 300-ամյա հոբելյանի շրջանակներում:
Սրբազան Հայրն անդրադարձավ թեմի հոգևոր-մշակութային կյանքին, որին մեծապես նպաստեցին 2013 թ․ Մոսկվայի Ս․ Պայծառակերպություն առաջնորդանիստ նոր եկեղեցու օծումը և եկեղեցական համալիրի բացումը։ Հոգևոր-քարոզչական գործունեության շրջագծում կազմակերպվում են ուխտագնացություններ դեպի Մոսկվայի առաջնորդանիստ տաճար և տարբեր համայնքներ, առաջնորդարանում կազմակերպվում են հոգևոր զրույցներ:
Թեմի գիտական-մշակութային կյանքին նպաստում է հայագիտության նորաստեղծ կենտրոնը, որը պարբերաբար կազմակերպում է գիտաժողովներ, գրքերի շնորհանդեսներ, բանախոսություններ: Հիմնվել են «Տապան» թանգարանը և նորագույն սարքավորումներով հագեցած գրադարանը։ Հայաշատ քաղաքներում հրատարակվում է 4 երկլեզու ամսաթերթ, լույս են ընծայվել երկու տասնյակից ավելի գրքեր։
Մեծ ուշադրություն դարձնելով կրթության և հայեցի դաստիարակության գործին՝ գործում է Սանկտ Պետերբուրգի թիվ 259 միջնակարգ դպրոցը, ավելի քան 3000 երեխա հաճախում է 18 հայորդյաց տուն, որոնց մեջ գործում են զանազան խմբակներ։ 2006 թ․ հիմնված Մոսկվայի Հայորդյաց տանը անցնող 10 տարիների ընթացքում կրթվել է 8000 հայորդի։ Առաջիկայում Մոսկվայի եկեղեցական համալիրի տարածքում կբացվի «Սուրբ Գրիգոր Նարեկացի» գիմնազիան, կկառուցվի նաև մանկապարտեզ-կրթարան։ Սրբազանը տեղեկացրեց, որ բոլոր ծխերում գործում են երիտասարդաց միություններ, հանդիպումներ են կազմակերպվում Մոսկվայի ԲՈՒՀ-երում սովորող հայ ուսանողների հետ։
Նշվեց, որ թեմը մասնակցում է Հայ Եկեղեցու բարեգործական ծրագրերին թե՛ հայրենիքում և թե՛ նրա սահմաններից դուրս, մեծ աջակցություն է ցուցաբերում Արցախին։ Առաջնորդանիստ համալիրում գործում են սոցիալական օգնության և իրավաբանական անվճար խորհրդատվության բաժինները։ Վերջինիս ծառայություններից օգտվում են ոչ միայն հայորդիները, այլև օտարազգիներ։ Հիմնվել է նաև բժշկական երկու հաստատություն․ ատամնաբուժարան Սանկտ Պետերբուրգում և բժշկական կենտրոն Մոսկվայում, որտեղ ևս անվճար ծառայություններ են մատուցվում կարիքավորներին:
Գերագույն հոգևոր խորհրդի անդամները գոհունակությամբ ընդունեցին ներկայացված զեկույցը՝ իրենց գնահատանքը հայտնելով թեմի կողմից իրականացվող բազմաբնույթ ազգաշահ և եկեղեցանպաստ ծրագրերի կապակցությամբ։ Ժողովականները Աստծո զորակցությունը հայցեցին առաջնորդ Սրբազան Հորը և հոգևոր դասին իրենց նվիրյալ և օգտաշատ ծառայության մեջ։
Ժողովն ամփոփվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության ու գնահատանքի խոսքով։