Ասորի ուղղափառ եկեղեցու պետ Մար Իգնատիոս Զաքքա Իվաս Ա պատրիարքը այցելեց Սբ. Էջմիածին

Ասորի ուղղափառ եկեղեցու պետ Մար Իգնատիոս Զաքքա Իվաս Ա պատրիարքը այցելեց Սբ. Էջմիածին 20.10.2002

Հոկտեմբերի 18-ին վաղ առավոտյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով Հայաստան ժամանեց Անտիոքի եւ համայն Արեւելքի Ասորի ուղղափառ քույր եկեղեցու գահակալ Մար Իգնատիոս Զաքքա Իվաս Ա պատրիարքը:

«Զվարթնոց» օդանավակայանում Ասորի եկեղեցու գահակալին եւ նրան ուղեկից մետրոպոլիտներին Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի գլխավորությամբ դիմավորեցին Տ. Ներսես արք. Պոզապալյանը, Տ. Ոսկան արք. Գալփակյանը, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Տ. Եզնիկ եպս. Պետրոսյանը, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ եպս. Կճոյանը, ՀՀ կառավարության ներկայացուցիչներ, Հայաստանում Սիրիայի գործերի ժամաակավոր հավատարմատար Ֆայեզ Աբսին:

Հետմիջօրեին բարիգալստյան արարողություն տեղի ունեցավ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում: Մայր Տաճարում, Իջման Սբ. Սեղանի առջեւ երկու հայրապետները աղոթք բարձրացրին առ Աստված եւ ապա` փոխանակեցին ողջույնի խոսքեր:

«Մեր ժողովուրդների եղբայրությունը հազարամյակների պատմություն ունի... Այդ եղբայրությունը նվիրագործվեց, երբ մեր երկու ժողովուրդներն ընդունեցին Քրիստոսի Ավետարանի լույսը: Այդ դարավոր եղբայրությունը եղավ գրավականը, որպեսզի պատմության ընթացքին` ի Քրիստոս պահենք ու պահպանենք նույն հավատքը, նույն դավանությունը: Պատմության մեջ բազում փորձությունների միջով ենք անցել միասին: Հալածվել, հաճախ նաեւ նահատակվել մեր հավատքի համար: Սակայն Աստծո զորավոր Աջը պահել ու պահպանել է մեզ...

Սիրեցյալ եղբայր ի Քրիստոս, Մենք հավատում ենք, որ նոր հազարամյակում մեր եղբայրությունը պիտի բարի արդյունավորում ունենա: Ասորի Ուղղափառ Եկեղեցին եւ Հայ Առաքելական Եկեղեցին, որպես Քրիստոսի հնագույն եկեղեցիներ միասնաբար պիտի կարողանան իրենց խոսքը հնչեցնել եւ քրիստոնյա աշխարհի մեջ իրենց դերակատարությունը ստանձնել` ապահովելով մարդկությանը խաղաղ ու բարօր կյանքի մի նոր շրջան», - բարի գալուստ մաղթելով պատրիարքին` ասաց Ամենայն Հայոց Հայրապետը` ուրախությամբ փաստելով նաեւ աստվածմերժության խորհրդային տարիներից հետո հայ հոգեւոր վերազարթոնքի մասին:

Իր հերթին Ասորի ուղղափառ եկեղեցու գահակալը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար: «Գոհունակություն ենք հայտնում Աստծուն այս օրհնյալ հողի գոյության համար եւ հպարտ ենք այս ժողովրդով... Աղոթում ենք Աստծուն, որպեսզի հայ եւ ասորի ժողովուրդները, հետեւելով իրենց հայրերի դավանանքին, պահպանեն իրենց հավատքը», - ասաց Նորին Սրբություն Զաքքա պատրիարքը:

Քսան տարի անց սա պատրիարքի երկրորդ այցն է Հայաստան: Օգտվելով առիթից` պատրիարքը անձամբ իր շնորհավորանքը հայտնեց Հայոց Հայրապետին Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյա հոբելյանի, ինչպես նաեւ Վեհափառ Հայրապետի ընտրության առիթով:

Բարիգալստյան արարողությունից հետո երկու հայրապետները եկեղեցական թափորի ուղեկցությամբ շարժվեցին դեպի Վեհարան: