Ապրիլի 24-ին Վեհափառ Հայրապետն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ապրիլի 24-ին, 1915թ. Հայոց ցեղասպանության հիշատակության օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ այցելեց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց հոգեհանգստյան արարողություն` ի հիշատակ Մեծ Եղեռնի բյուրավոր նահատակների:
Նորին Սրբությանն ուղեկցում էին Հայաստանյայց Առաքելական Ս. եկեղեցու թեմակալ առաջնորդներ եւ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբաններ:
Արարողությանը ներկա էին ՀՀ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, Սահմանադրական Դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, պետական այրեր եւ օտարերկրյա դիվանագետներ:
* * *
Ապրիլի 24-ին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր Տ. Վարդան աբղ. Նավասարդյանը:
Պատարագի սրբազան արարողությունից հետո Մայր Տաճարի հարեւանությամբ ի հիշատակ Եղեռնի նահատակների կանգնեցված Աղոթքի եւ ուխտի խաչքարի մոտ Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի նախագահությամբ կատարվեց հոգեհանգստյան արարողություն: