Ապրիլի 24-ին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում մատուցվեց Ս. Պատարագ:
Պատարագի ընթացքում պատարագիչ Սրբազան Հայրն ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակը` նվիրված Հայոց Ցեղասպանության 90-ամյակին:
«Սիրելի բարեպաշտ ժողովուրդ
Հայոց հավատի վեմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից, որ ունենք պարգեւ մեզ երկնային ամենառատ շնորհով եւ օրհնությամբ, գոհության աղոթք ու փառաբանություն ենք մատուցում Բարերար Աստծուն այսօր, երբ 90-ամյա հիշատակության առջեւ Հայոց Մեծ Եղեռնի, ի Հայաստան եւ ի Սփյուռս վերածնված ժողովրդով համարձակաձայն կարող ենք կրկնել առաքյալի խոսքը. «Զի ինձ կեանք Քրիստոս է»:
Արդարեւ, Քեզ ապավինողը ամոթով չմնաց, Տեր, քանզի Դու ես Հարուցյալ, եւ Քո Խոսքը` կենդանի ու կենդանարար ու հավիտենական: Քեզ գիտենք իբրեւ ճշմարտություն, սեր եւ ողորմություն` Արարիչ ու Ամենախնամ, Ողորմած ու Փրկագործ: Քեզ գիտենք իբրեւ Ամոքիչ ու Առաջնորդող պահապան զորություն: Մեր հայրերից այսպես ուսանեցինք` փառավորելով Քեզ` Միածին Որդուդ, Հորը եւ Սուրբ Հոգուն: