Ապրիլի 24-ին Երեւանի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցում կատարվեց հոգեհանգստյան արարողություն
Ապրիլի 24-ին, Երեւանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կատարվեց հոգեհանգստյան էկումենիկ արարողություն` Հայոց Մեծ Եղեռնի նահատակների հոգիների հանգստության համար:
Արարողությունից առաջ Նորին Սրբությունն իր Հայրապետական խոսքն ուղղեց ներկաներին. «Սիրելի հավատացյալ ժողովուրդ: Հիշատակի եւ ոգեկոչման օրեր ենք ապրում` նվիրված Հայոց Ցեղասպանության 90-ամյակին: Մեր պատմության մեծ ողբերգության տարելիցի առիթով մեզ հետ են եւ խոնարհումի ու հարգանքի իրենց տուրքն են բերում շատ ազգերի ներկայացուցիչներ եւ Հայոց Ցեղասպանությունը իրենց որոշումներով դատապարտող շատ պետություններ:
90-րդ ապրիլ 24-ն է այսօր: Ողջ աշխարհում հայոց եկեղեցիների սուրբ խորաններից սրբազան պատարագի արարողությամբ աշխարհսփյուռ ազգս հայոց աղոթք է բարձրացնում երկինք եւ աշխարհի բոլոր կողմերում խոնարհվում Մեծ Եղեռնի հուշակոթողների առջեւ: Ծիծեռնակաբերդի բարձունքում հայոց պետական ավագանու, բազմահազար մեր ժողովրդի, ազգաց ու պետությունների ներկայացուցիչների հետ խոնարհվեցինք մեր նահատակների անմար հիշատակի առջեւ եւ աղաչական ամենաջերմ զգացումով երեկոյան ժամերգության այս խաղաղ պահին վերստին հայց ենք բարձրացնում առ Աստված նրանց հոգիների հանգստության համար: Աղոթում ենք, որ Բարձրյալն Աստված խաղաղության ու բարու մեջ պահպանի աշխարհը, որպեսզի ոչ մի ժողովուրդ չապրի ցեղասպանության ողբերգությունը: Աղոթում ենք կյանքիշինության ու առաջընթացի եւ ազգերի եղբայրության համար, որ Աստծո արարչագործության իմաստն ու նպատակն է, քանզի կյանքի ճանապարհներն են Տիրոջ ճանապարհները: «Նա ամեն ինչ հաստատել է կյանքի համար, եւ աշխարհի գործերը փրկության համար են» (Իմաստ. Սղ. Ա 14):
Այս հավատով մեր ժողովուրդը վերապրեց Ցեղասպանության աղետը եւ իր վերածնված կյանքի հույսերով է հիշատակում նրա 90-ամյա տարելիցը: Մեր ժողովուրդը հավատում է այն արդար օրվա արշալույսին, երբ համընդհանուր ճանաչում եւ դատապարտում կգտնի 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը:
90 տարի առաջ երիտթուրքական իշխանությունները որոշեցին հայ բնակչության բնաջնջման ճանապարհով վճռել «Հայկական հարցը»: Առաջին աշխարհամարտի պատերազմական խառնակ ու շփոթ իրավիճակները հարմարագույն ժամանակ դարձան կազմակերպելու համար հայոց ջարդերն ու տեղահանությունները: Բնիկ իր ժողովրդից դատարկվեց Արեւմտյան Հայաստանը: կորցրեցինք երեք տասնյակից ավելի թեմեր, հազարավոր եկեղեցիներ ու եկեղեցականներ: Ցրվեց բեկորված ժողովուրդը աշխարհում: Այսօր, սակայն, միայն Եղեռնի ցավը չէ մեր հոգիներում, այլեւ հպարտության ու մխիթարության զգացումը, որ վշտակոտոր ու տարագիր, օտար ափերում հաստատված հայությունը` հավատն ու հույսը հոգում ոտքի կանգնեց, հայրենի տունը կառուցեց ու բարձրացրեց իր հոգեւոր ազգային կյանքը: Հպարտ ու մխիթարված ենք հիշելով, որ Եղեռնի աղետալի օրերին` ապավինած Աստծուն, մեր ժողովուրդը իր ուժերը համախմբեց նույն ջարդարարներից պաշտպանելու համար Արեւելյան Հայաստանի այս փոքրիկ հողակտորը, որի վրա ծնունդ տվեց իր նոր պետականությանը` Հայաստանի Առաջին Հանրապետությանը: Աստված կամեցավ, որ ապրի չարահնար ծրագրով մահվան դատապարտված մեր ժողովուրդը, որպեսզի այսօր մարդկային խղճի ու դատի առջեւ բարձրացնի հարցը. ո°ւր է 3 միլիոն հայությունը, որ ապրում էր Թուրքիայի տարածքում` մեծամասամբ հայրենի հողի վրա: Վաղեմություն չունի Ցեղասպանությունը եւ չի կարող ունենալ, քանզի մարդկությունը չի կարող ընտրել մահվան ճանապարհները: Կյանքի ճանապարհներն են մարդկության ճանապարհները:
Մեր Ժամանակն էլ պատասխանատվություն է կրում մեր այսօրը վաղվան թողնելու հարցում: 20-րդ դարի առաջին ցեղասպանության ճանաչումը պիտի նպաստի արդի մեր իրականության մեջ բռնությունների, մարդու եւ ազգի իրավունքների ոտնահարման անթույլատրելիության գիտակցության ամրապնդմանը եւ պիտի նպաստի մարդասիրության արժեքների զորացմանը:
Որպես Ամենայն Հայոց Հայրապետ, հանուն մեր ժողովրդի այսօր Մենք երախտագիտության խոսք ենք ուղղում բոլոր երկրներին ու ժողովուրդներին, որոնք մեր կյանքի ամենադժնդակ ժամանակներում ընդունեցին եւ իրենց կողքին տեղ տվեցին ջարդերից փրկված հայությանը: Նաեւ երախտագիտության Մեր խոսքն ենք ուղղում Հայոց Ցեղասպանությունը ճանաչած պետություններին, պետական ու հասարակական կազմակերպություններին եւ անձերին, ովքեր ջանքեր են ներդնում այդ ճանաչումը համընդհանուր դարձնելու համար: Այսօր խոնարհումով ու աղոթքով ենք հիշում այն անհատներին, ովքեր ժամանակին իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին` հանուն բնաջնջվող մեր ժողովրդի:
Շնորհակալության Մեր խոսքն ենք ուղղում Հայոց Մեծ Եղեռնի 90-ամյակի առիթով իրենց հարգանքի տուրքը մատուցելու համար Հայաստան ժամանած քույր եկեղեցիների ներկայացուցիչներին, պետական պատվիրակներին, հասարակական կազմակերպությունների անդամներին, տարբեր երկրներից ժամանած մտավորականներին, նաեւ` Հայաստանում հավատարմագրված դեսպաններին ու դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին, ովքեր իրենց հարգանքի տուրքը մատուցելու եւ մեզ հետ աղոթելու համար ներկա են այսօր հոգեհանգստյան արարողությանը: Մեր սերն ու բարեմաղթանքն ենք բերում մեր ժողովրդի արիության ոգով ու կամքով ցեղասպանությունը վերապրած այստեղ ներկա մեր զավակներին, որոնց վարձքը Տիրոջ խոսքի համաձայն շատ է երկնքում:
Թող Աստված ունկնդիր լինի անմեղ մեր նահատակների հոգիների հանգստության հայցով երկինք բարձրացող մեր աղոթքներին եւ օրհնի բոլոր ջանքերը ի սեր խաղաղության եւ արդարության, ի սեր կյանքի: «Նա ամեն ինչ հաստատել է կյանքի համար, եւ աշխարհի գործերը փրկության համար են» (Իմաստ. Սղ. Ա 14):
Շնորհը, ողորմությունը եւ օրհնությունը երկնավոր մեր Հոր թող լինի մեզ հետ եւ բոլորի: Ամեն»:
Արարողության ընթացքում իրենց աղոթքը հնչեցրին նաեւ Եղեռնի 90-ամյա տարելիցի առիթով Հայաստան ժամանած այլ եկեղեցիների ներկայացուցիչներ` Մոսկվայի Պատրիարքության միջեկեղեցական հարաբերությունների բաժնի փոխնախագահ, Մոսկվայի թեմի առաջնորդական փոխանորդ Մարկ եպս. Եգորյեվսկին (Ռուս Ուղղափառ Եկեղեցի), Անդրկովկասում պապական նվիրակ Կլաուդիո արք. Գուջերոտտին (Հռոմեական Կաթոլիկ Եկեղեցի), Մալաթիուս արքեպիսկոպոսը (Ասորի Ուղղափառ Եկեղեցի) Կորնելիու եպս. Բարլադեանուլը (Ռումին Ուղղափառ Եկեղեցի), Թերմոպիլեի Իոաննիս եպիսկոպոսը (Հույն Ուղղափառ Եկեղեցի), Դեյվիդ եպս. Թասթինը (Անգլիկան Եկեղեցի), ինչպես նաեւ Եվրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսի նախագահ Վեր. Ժան Առնոլդ դե Կլերմոնը:
Հոգեհանգստյան ավարտին Նորին Սրբությունն օրհնեց Ցեղասպանությունը վերապրած հայաստանաբնակ տարեցներին:
Արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, Սահմանադրական Դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, պետական եւ հոգեւոր այրեր, օտարերկրյա դիվանագետներ եւ հավատավոր ժողովուրդը: