Անցկացվեց ՀԵՀԵՄ V Ատենապետաց ժողովը
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորումը (ՀԵՀԵՄ) շարունակում է իր համաթեմական, տարածաշրջանային և համահայկական ծրագրերի իրագործումը:
Սույն թվականի մարտի 24-ին առցանց ձևաչափով կայացավ ՀԵՀԵՄ V ատենապետաց ժողովը, որին մասնակցում էին Հայաստանի և արտերկրի 37 թեմերից շուրջ հինգ տասնյակ երիտասարդներ և հոգևոր պատասխանատուներ, ինչպես նաև ներկայացուցիչ Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքությունից։
Ատենապետաց ժողովը մեկնարկեց Տերունական աղոթքով։ Ժողովը նախագահեց և բացման խոսքով հանդես եկավ ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը։
Օրակարգային հարցերից էին «Քույր թեմեր» ընտրելու վիճակահանությունը, ՀԵՀԵՄ գրասենյակի կողմից հայաստանյան թեմեր իրականացվելիք այցերը, ինչպես նաև՝ սփյուռքում իրանացվելիք ծրագրերը։ Հատուկ անդրադարձ կատարվեց 2023 թ. հուլիս 5-10–ը նախատեսված «Սուրբ Էջմիածինը մեր հավատքի ծննդավայր» խորագրով ՀԵՀԵՄ համահայկական ուխտագնացությանը առնչվող կազմակերպչական հարցերին: