ԱՄՆ-ի «Ֆերահյան» հայկական դպրոցի աշակերտներն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Հունիսի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ-ի «Ֆերահյան» հայկական դպրոցի 11-րդ դասարանի թվով 40 աշակերտների:
Անդրադառնալով նրանց այցին՝ Նորին Սրբությունը գոհունակությամբ նշեց, որ Սփյուռքում գործող տարբեր հայկական վարժարանների ու դպրոցների ավարտական դասարանների աշակերտների այցելությունը Հայրենիք և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին գեղեցիկ ավանդույթ է դարձել:
Վեհափառ Հայրապետն ընգծեց, որ այս այցն իր անջնջելի կնիքն է թողնելու պատանիների հոգում և առիթ է դառնալու, որպեսզի վերջիններս ներշնչվեն ու զորանան հայրենիքով ու նրա սրբություններով:
Շրջանավարներին Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց ջանասիրությամբ շարունակել իրենց ուսումը և կյանքում արձանագրել նորանոր ձեռքբերումներ։
Վեհափառ Հայրապետը կարևոր նկատեց, որ հայորդիները ապագայում ևս այցելեն Հայաստան՝ հայրենիքի հանդեպ իրենց սերը զորացնելու:
Այնուհետև «Ֆերահյան» հայկական դպրոցի տնօրեն Սոսի Շանլյանը Նորին Սրբությանը ներկայացրեց դպրոցի ուսումնական գործունեությունը:
Վերջում Նորին Սրբությունը դպրոցի աշակերտներին Բարձրյալն Աստծո հովանավորությունն ու առաջնորդությունը մաղթեց՝ ի կատար ածելու իրենց նպատակներն ու իղձերը և ազգային ոգու բարձր գիտակցությամբ իրենց գիտելիքները ծառայեցնելու հայրենիքին և աշխարհասփյուռ հայ ժողովրդին: