ԱՄՆ Արեւմտյան թեմի ուխտագնացությունը Մայր Աթոռ Սբ. Էջմիածին
Մայր տաճարում Ուխտի պատարագ մատուցեց ԱՄՆ Արեւմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան Արք. Տերտերյանը
Սեպտեմբերի 7-ին Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը հյուրընկալեց հերթական ուխտավորներին: Մայր Տաճարի օծման 1700-ամյակի առիթով Սբ. Էջմիածին էին ժամանել Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արեւմտյան թեմի ուխտապահ հավատավոր հայորդիները` թեմի առաջնորդ Տ. Հովնան արք. Տերտերյանի առաջնորդությամբ:
Մայր Տաճարում Ուխտի պատարագ մատուցեց Հովնան Սրբազանը, որ սույն թվականի մայիսի 3-ին ԱՄՆ Արեւմտյան թեմի թեմական տարեկան ժողովի ընթացքում ընտրվել եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական գրով հաստատվել էր իբրեւ նոր թեմակալ առաջնորդ:
Պատարագի ընթացքում պատարագիչ Սրբազան Հայրն անդրադարձավ Սբ. Էջմիածնի խորհրդին եւ առաքելությանը հայ ժողովրդի կյանքում:
«Այսօր մեր էության մեջ ներառել ենք այն քաջ համոզումն ու հավատքի գիտակցությունը, որ Սուրբ Էջմիածինը իր 1700-ամյա հիմնարկությամբ դարձել է մեր ինքնությունը բնորոշող ու հաստատող հավերժականություն, որի առջեւ անհամար սերունդներ իրենց կյանքը կամրջել են Արարիչ Աստծո հետ եւ դրանով նոր իմաստ են հաղորդել իրենց աստվածապարգեւ կյանքին, երբ իրենց հոգիների մեջ մնայուն արձագանքի են վերածել Քրիստոսի խոսքը. «Ես եմ Ճանապարհը, Ճշմարտությունը եւ Կյանքը»:
...Նոր կյանքը հայ քրիստոնյայի համար Սբ. Էջմիածինն է: Նոր կյանքը հայ քրիստոնյայի համար Սբ. Էջմիածնով ներշնչված կյանքն է: Նոր կյանքը Սբ. Էջմիածնի խորհուրդը մարմնավորող կյանքն է: Նոր կյանքը Սբ. Էջմիածնի ոգին տարածող ու մատակարարող առաքելական կյանքն է: Նոր կյանքը Սբ. Էջմիածնով շաղախված միությունն է մեր սուրբ եկեղեցու զավակների հավաքականության մեջ: Նոր կյանքը Սբ. Էջմիածնի ղողանջների արձագանքն արգասավորող կյանքն է: Վերջապես, նոր կյանքը Սբ. Էջմիածնի տեսիլքով կերպարանափոխված կյանքն է»,- ասաց Սրբազան Հայրը` մեկ անգամ եւս հայտնելով իր հավատարմությունը հանդեպ Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը:
Հավարտ Սբ. Պատարագի Վեհարանում ԱՄՆ Արեւմտյան թեմի ուխտավորներին ընդունեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետը: