Ամենայն Հայոց Հայրապետն ընդունեց Լիտվայի նախագահ Ռոլանդաս Պակսասը
Սեպտեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում ընդունեց պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիտվայի Հանրապետության նախագահ Ռոլանդաս Պակսասին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:
Վեհափառ Հայրապետը, ողջունելով Լիտվայի նախագահին, ուրախություն հայտնեց նորանկախ Հայաստանի եւ բարեկամ Լիտվայի միջեւ զարգացող եղբայրական հարաբերությունների համար եւ համոզմունք հայտնեց, որ փոխհամագործակցությունն իր նպաստն է բերելու երկու երկրների զարգացմանը: «Մենք ուրախությամբ հետեւում էինք Ձեր այցին եւ տեղեկանում այն հաջողությունների մասին, որ արձանագրում եք Ձեր երկրում»,- ասաց Վեհափառ Հայրապետը` գոհունակություն հայտնելով նաեւ այն հոգածության համար, որ ցուցաբերում են Լիտվայի իշխանությունները հայ համայնքի նկատմամբ: «Շնորհիվ Ձեր ազնիվ հոգածության լիտվահայ համայնքը հնարավորություն ունի կառուցելու հայկական եկեղեցի եւ զորացնելու ազգային-հոգեւոր իր կյանքը»,- ասաց Նորին Սրբությունը:
Շնորհակալություն հայտնելով, ընդունելության համար` Լիտվայի նախագահը մասնավորապես նշեց. «Այս հանդիպումը Հայաստան կատարած իմ այցի կիզակետն է: Չափազանց խորը զգացմունք ես ապրում, երբ գիտակցում ես, որ գտնվում ես աշխարհի մի հատվածում, որ հազարամյակների պատմություն ունի»: Պրն. Պակսասը բարձր գնահատեց եկեղեցու դերը ժողովրդի կյանքում, մասնավորապես նշելով, որ հաջողությունները, որ արձանագրում է Լիտվան, հնարավոր են դառնում նաեւ եկեղեցու հետ սերտ համագործակցության շնորհիվ:
Հանդիպման ավարատին Լիտվայի նախագահը եղավ Վեհարանի թանգարանում եւ Մայր Տաճարում: