ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅԱՆ ԵՒ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺՈՂՈՎԻ

Հայ Եկեղեցու սրբազան առաքելության առավել ծաղկման, ինչպէս նաև ներքին միասնականության առավել ամրապնդման առաջադրանքով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ, 2005 թվականի մարտ 4-5, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, տեղի ունեցավ Ամենայն Հայոց Կաթողիկոսության եւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության պատվիրակությունների խորհրդակցական ժողով, որի նպատակն էր «Հայ Եկեղեցու Վերանորոգության հրամայականը» թեմայով օրակարգի նախագծի պատրաստությունը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսության պատվիրակության անդամներն էին.

Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամյան (Ատենապետ).
Գերշ. Տ. Միքայել Եպս. Աջապահյան (Ատենադպիր).
Տիար Ռա‎ֆայել Պապայան.
Տիար Ջեյմս Գալուստյան:
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության պատվիրակության անդամներն էին.
Գերշ. Տ. Օշական Արք. Չոլոյան (Ատենապետ).
Գերշ. Տ. Նարեկ Եպս. Ալեմեզյան (Ատենադպիր).
Տիար Երվանդ Փամբուկյան.
Տիար Արսեն Դանիելյան:Արժ. Տ. Վահրամ քհն. Մելիքյանը պատրաստեց ժողովի ատենագրությունը։

Ուրբաթ, մարտի 4-ին երկու պատվիրակություններին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Վեհափառ Հայրապետն իր հայրական օրհնությունը տվեց պատվիրակությունների անդամներին և խոսեց Արամ Ա Վեհափառ Հայրապետի և իր ակնկալությունների մասին։ Ապա Տ. Օշական Արք. Չոլոյանը Նորին Սրբությանը փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսի սիրո ջերմ ողջույնները եւ հայտնեց ներկաների որդիական հարգանքը։

Տերունական աղոթքով գոհություն և փառք վերառաքելով առ Աստված համախմբման համար և ներշնչվելով աստվածաշնչական ընթերցմամբ (Ա Կորնթ. 12.12-26), ժողովականներն սկսեցին իրենց աշխատանքը, որի արդյունքում կազմվեց օրակարգ: Ինը խմբավորումներից բաղկացած օրակարգը ընդգրկում է Հայ Եկեղեցու ինքնությանը, կյանքին ու վկայությանը առնչվող հիմնական ոլորտներ։

1. Հայ Եկեղեցու կանոնական վիճակը, եկեղեցաբանական, վարչական և կանոնագրային սահմանում.
2. Քրիստոնեական և հայեցի դաստիարակություն, ավետարանչական առաքելություն և հոգևոր ու մշակութային արժեքների կենսունակ պահպանություն.
3. Ծիսական և արարողական կյանք.
4. Հոգևորականների պատրաստություն և վանական կյանքի վերաշխուժացում.
5. Միջեկեղեցական և միջկրոնական հարաբերություններ.
6. Արդի ընկերային եւ բարոյական հարցերի նկատմամբ կեցվածքներ.
7. Եկեղեցի և պետություն ու Եկեղեցի և ընկերային կառույցներ փոխհարաբերություններ.
8. Հայ ժողովրդի իրավունքների հետապնդում.
9. Տեխնոլոգիական արդի միջոցների օգտագործում։

Ապա յուրաքանչյուր խմբավորում մասնավորեցնելով քննվեց, որպես նախաքայլ հետագայի համապարփակ վերլուծության և համապատասխան քայլերի որդեգրման։

Ժողովի աշխատանքներն ընթացան քրիստոնեական սիրո եւ հոգեկան բավարարության ջերմ մթնոլորտի մեջ, միշտ ելնելով Հայ Եկեղեցու հայրենի եւ սփյուռքյան բազմերես առաքելությունը աշխույժ կենսավորմամբ իրագործելու հանձնառությունից։

Ժողովի ավարտին որոշվեց այս նախագիծը ներկայացնել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Վեհափառ Հայրապետներին առ ի նկատառություն՝ որդիաբար խնդրամատույց լինելով հանձնախմբային գործընթացի նախաձեռնությանը։